Գրադարանների համառոտ պատմություն

Հին աշխարհի առաջին գրադարանները, որպես գրավոր հուշարձանների պահոցներ, ստեղծվել են հազարամյակներ առաջ: Մ.թ.ա առաջին դարում կառուցված Հին Եգիպտոսի` Ալեքսանդրիայի գրադարանը, աշխարհի հնագույն ու հարուստ գրապահոցն է եղել (700 հազար ձեռագրեր):  Գրադարանի հարստությանը հաղորդակից են եղել ու օգտվել նաև Մաշտոցն ու Մովսես Խորենացին: Շուրջ 200 հազար ձեռագրեր են պահպանվել հին աշխարհում հայտնի` Պերգամոնի թագավորության գրադարանում:
Հայաստանում գրադարանները տարբեր անուններ են ունեցել` գրատուն, գանձարան, մատենադարան կամ դիվան, և սովորաբար եղել են վանքերին ու մենաստաններին կից կամ վանքամերձ քարայրներում: Առաջին գրադարան-մատենադարանները ստեղծվել են 5-րդ դարում, արքայական ու հոգևոր կենտրոն էջմիածնում: 10-րդ դարում կառուցված Հաղպատ և Սանահին վանական  համալիրները (երկուսն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են) 11-րդ դարում արդեն հայտնի էին իրենց հարուստ գրադարաններով: Հայ գրքի կարևորագույն կենտրոններից էին Տաթևի վանքի (11-րդ դար), Արգինայի,  Հռոմկլայի կաթողիկոսության (10-րդ դար) և  Անիի թագավորության (11-րդ դար), Հաղպատի, Վարագավանքի, Սկևռայի ձեռագրատները: Հետագա դարերում իրենց հարուստ գրապահոցներով հայտնի դարձան Գետիկ, Գլաձոր, Գեղարդա վանքերի, Սաղմոսավանքի ու Հովհաննավանքի գրադարանները: Ձեռագրերի հարուստ  հավաքածուներ կային Արճեշի Մեծոփա վանքի, Արցախի (Լեռնային Ղարաբաղ), Կիլիկիայի հայկական թագավորության, Երզնկայի, Վասպուրականի գրադարաններում: Մեծ էին Կաֆայի (1366թ.), Նոր Ջուղայի (17-րդ դար), Լիմ անապատի, Ամրդոլու վանքի գրադարանները: Ժամանակի գիտական ու մշակութային հաստատություն-գրադարաններից մեզ են հասել Սաղմոսավանքի (15-րդ դար) և Ամրդոլու վանքի (17-րդ դար) ձեռագրացուցակները:
Նոր ժամանակներում Երևանում առաջին անգամ  հանրային գրադարան-ընթերցասրահներ են բացվել 1902թ.: 1913թ. փոքրիկ գավառական քաղաքն արդեն 13 գրադարան ուներ,  9000 միավոր գրքով: Հայաստանի խորհրդայնացումից հետո գրադարանների դերը ավելի կարևորվեց, քաղաքներում ու շրջաններում նոր գրադարաններ հիմնվեցին` Երևանի պետական համալսարանի գրադարանը (1920թ.), Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը (1933թ.), Երևանի քաղաքային գրադարանը (1935թ.), Գիտությունների ակադեմիայի կենտրոնական գրադարանը (1935թ.):
1975թ. Հայաստանի Խորհրդային Հանրապետությունն ուներ միլիոնավոր գրքերով հարուստ  3300 գրադարան: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի գրադարանային ցանցի առաջ  լուրջ խնդիրներ ծառացան, երբ դրանց պահպանությունը հանձնվեց քաղաքային և տեղական իշխանություններին: Անհաղթահարելի  դժվարությունների արդյունքում գրադարանների թիվը, հատկապես մարզերում, կրճատվեց: Հայաստանում այսօր գործում է 2600 գրադարան:
Լուրջ ուշադրություն է հատկացվում երկրի հանրային գրադարանների համակարգի ճակատագրին: Պետական և տեղական մարմինների նախաձեռնությամբ, հրատարակիչների, գրավաճառների, հեղինակների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ քայլեր են արվում ապահովելու գրադարանների ֆինանսական գործունեությունը և իրականացնելու դրանց` նոր գրքերով համալրումը:
Աղբյուրը՝ http://www.yerevan2012.org

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.