Ռուսաստանի հնագույն գրադարանը «լույս է սփռում» Աստվածաշնչի վրա

ԵՐԿՈՒ գիտնականներ որոնումների մեջ են։ Նրանցից յուրաքանչյուրը կտրում–անցնում է անապատներ, հետազոտում քարանձավներ, ժայռերում գտնվող հին բնակավայրեր ու մենաստաններ՝ աստվածաշնչյան հին ձեռագրեր գտնելու հույսով։ Տարիներ անց նրանց ճանապարհները հատվում են Ռուսաստանի հնագույն հանրային գրադարանում, որին նրանք հանձնում են աշխարհի լավագույն աստվածաշնչյան ձեռագրերը։ Ովքե՞ր են այս մարդիկ։ Ինչպե՞ս են նրանց հայտնաբերած գանձերը հասել Ռուսաստան։

Հին ձեռագրեր՝ Աստծու Խոսքի պաշտպաններ

Այս երկու գիտնականներից մեկի հետ ծանոթանալու համար եկեք մտքով տեղափոխվենք 19–րդ դարի սկիզբ, երբ Եվրոպայում մոլեգնում էին ինտելեկտուալ հեղափոխության քամիները։ Դա գիտական առաջընթացի և մշակութային ձեռքբերումների շրջան էր, որի ժամանակ մտավորականները հանդես եկան ավանդական պատկերացումների դեմ։ Աստվածաշնչի քննադատները փորձում էին գցել Գրությունների հեղինակությունը։ Նրանք նույնիսկ կասկածի էին ենթարկում աստվածաշնչյան տեքստի վավերականությունը։

Աստվածաշունչը պաշտպանող որոշ անկեղծ մարդիկ հասկացան, որ հարկավոր է գտնել նոր «պաշտպաններ»՝ աստվածաշնչյան հին ձեռագրեր, որոնք կփաստեին Աստծու Խոսքի անարատությունը։ Եթե հայտնաբերվեին այնպիսի ձեռագրեր, որ ավելի հին կլինեին, քան այդ ժամանակ գոյություն ունեցողները, ապա դրանք լուռ վկայությունը կլինեին այն բանի, որ աստվածաշնչյան տեքստը ճշգրտորեն է հասել մեզ, չնայած որ հնուց ի վեր բազմաթիվ փորձեր են արվել ոչնչացնելու այն կամ աղավաղելու նրա պատգամը։ Այդ ձեռագրերը կարող էին նաև բացահայտել այն փոքրաթիվ սխալները, որ սպրդել էին տեքստի մեջ։

Աստվածաշնչի վավերականության շուրջ թեժ վիճաբանություններ էին ընթանում, օրինակ, Գերմանիայում։ Հենց այդ ժամանակ էր, որ մի երիտասարդ պրոֆեսոր, թողնելով գիտնականի իր հարմարավետ կյանքը, մի ճանապարհորդություն ձեռնարկեց։ Այդ քայլը կատարելու շնորհիվ նա ի վերջո հայտնաբերելու էր աստվածաշնչյան ձեռագրերի ամենամեծ հավաքածուներից մեկը։ Այդ գիտնականի անունն էր Կոստանտին ֆոն Տիշենդորֆ՝ մի աստվածաշնչագետ, որը մերժեց բարձրակարգ քննախոսությունը, ինչը հետագայում մեծապես նպաստեց աստվածաշնչյան տեքստի պաշտպանությանը։ 1844 թ.–ին Սինա անապատ կատարած նրա առաջին ճանապարհորդությունը անհավատալի արդյունքներ բերեց։ Մի մենաստանի աղբարկղի մեջ նա պատահաբար գտավ Եբրայերեն Գրությունների հունարեն «Յոթանասնից» թարգմանության մի հին օրինակ. դա Սուրբ Գրությունների ամենահին օրինակն էր, որ երբևէ հայտնաբերվել էր։

Տիշենդորֆը ցնծության մեջ էր։ Աղբարկղից նա կարողացավ հանել 43 մագաղաթ։ Գիտնականը համոզված էր, որ դրանց թիվն ավելի շատ է։ Սակայն երբ 1853 թ.–ին նա այդ վայրը եկավ երկրորդ անգամ, գտավ ընդամենը մի ֆրագմենտ (պատառիկ ձեռագիր)։ Իսկ որտե՞ղ էր մնացածը։ Ցավոք, Տիշենդորֆի նյութական միջոցները սպառվել էին, և նա իր հետազոտությունները կարող էր շարունակել միայն այն դեպքում, եթե հարուստ հովանավոր գտներ։ Հին ձեռագրերը հայտնաբերելու նպատակով նա նորից հեռացավ հայրենիքից, սակայն իր առաքելությունը կատարելուց առաջ որոշեց մեկնել Ռուսաստան և օգնություն խնդրել ցարից։

Ցարը հետաքրքրություն է հանդես բերում

Տիշենդորֆը չգիտեր, թե ինչ ընդունելության կարժանանա։ Չէ՞ որ նա բողոքական էր, իսկ Ռուսաստանում, որ մի հսկայական երկիր էր, դավանում էին ռուսական ուղղափառ կրոնը։ Բարեբախտաբար, այնտեղ բարեփոխումների մի նոր դարաշրջան էր սկսվել։ Քանի որ այդ երկրում մեծ շեշտ էր դրվում կրթության վրա, 1795 թ.–ին Եկատերինա II կայսրուհին (որը հայտնի է նաև որպես Եկատերինա Մեծ) հիմնեց Պետերբուրգի կայսերական գրադարանը։ Այն դարձավ Ռուսաստանի առաջին հանրային գրադարանը և միլիոնավոր մարդկանց հնարավորություն ընձեռեց օգտվելու տպագիր գրականության մի հարուստ աղբյուրից։

Մեծ փառքի արժանացած այս գրադարանը, որը լավագույններից մեկն էր Եվրոպայում, ուներ մի թերություն։ Թեպետ նրա հիմնադրումից անցել էր արդեն հիսուն տարի, այնտեղ կային ընդամենը վեց եբրայերեն ձեռագրեր։ Իսկ դա չէր կարող բավարարել աստվածաշնչյան լեզուների և թարգմանությունների ուսումնասիրության հանդեպ Ռուսաստանի աճող հետաքրքրությունը։ Եկատերինա II–ը գիտնականներ ուղարկեց Եվրոպա, որպեսզի այնտեղի համալսարաններում նրանք ուսումնասիրեն եբրայերեն լեզուն։ Գիտնականների վերադարձից հետո խոշոր ուղղափառ սեմինարիաներում եբրայերենի դասընթացներ կազմակերպվեցին։ Այդ ժամանակ էր, որ Ռուսաստանի աստվածաբանները առաջին անգամ Աստվածաշնչի ճշգրիտ ռուսերեն թարգմանություն ստեղծելու գործ նախաձեռնեցին։ Թարգմանությունը կատարվելու էր հին եբրայերենից։ Սակայն իրենց ձեռքի տակ նրանք քիչ աղբյուրներ ունեին։ Բացի դրանից, այդ գիտնականները բախվեցին հետադիմական եկեղեցական առաջնորդների հակառակությանը։ Կարելի է ասել, որ ճշմարիտ լույսը դեռ պետք է ծագեր այն մարդկանց վրա, ովքեր փնտրում էին Աստվածաշնչի գիտությունը։

Զարմանալի չէ, որ Ալեքսանդր II ցարը ողջունեց Տիշենդորֆի առաքելությունը և համաձայնվեց հովանավորել նրան։ Չնայած որոշ մոլեռանդների «կատաղի հակառակությանը»՝ Տիշենդորֆը մեկնեց Սինա և այնտեղից վերադարձավ՝ իր հետ բերելով «Յոթանասնիցի»* մնացած մասը։ Այդ ձեռագիրը, որ ստացավ Սինայական կոդեքս անվանումը, մինչև օրս էլ համարվում է աստվածաշնչյան ամենահին ձեռագրերից մեկը։ Ժամանելով Պետերբուրգ՝ Տիշենդորֆը շտապեց ցարի նստավայրը՝ Ձմեռային պալատ։ Գիտնականը մտադիր էր խնդրել ցարին աջակցել իրեն մի գործում, որը դարձավ «Աստվածաշնչի վերլուծության և ուսումնասիրության մեծագույն քայլերից մեկը»։ Տիշենդորֆը ցանկանում էր հրատարակել իր գտած ձեռագիրը, որը հետագայում հայտնվեց Կայսերական գրադարանում։ Ցարը ուրախությամբ համաձայնվեց։ Ավելի ուշ Տիշենդորֆը ոգևորությամբ գրեց. «Նախախնամությունը մեր սերնդին է հանձնել…. Սինայական Աստվածաշունչը, որը պայծառ լույս է սփռում Աստծու Խոսքի վրա և օգնում է մեզ պաշտպանել ճշմարտությունը՝ վերականգնելով Գրությունների սկզբնական գրավոր տեքստը»։

Աստվածաշնչյան գանձեր՝ Ղրիմից

Այժմ տեսնենք, թե ով էր այս հոդվածի սկզբում հիշատակված երկրորդ գիտնականը։ Տիշենդորֆի՝ Ռուսաստան վերադառնալուց մի քանի տարի առաջ Հանրային գրադարանին առաջարկվեց ձեռագրերի մի այնպիսի հավաքածու, որը գրավեց ցարի ուշադրությունը և ողջ Եվրոպայից դեպի Ռուսաստան ձգեց բազում գիտնականների։ Այս գիտնականները չէին հավատում իրենց աչքերին. իրենց առջև ձեռագրերի և այլ աղբյուրների մի հսկայական հավաքածու էր, որը բաղկացած էր 2 412 նմուշներից, այդ թվում 975 ձեռագրերից։ Դրանց մեջ կային 45 աստվածաշնչյան ձեռագրեր, որոնք գրվել էին նախքան 10–րդ դարը։ Թեև անհավանական է թվում, բայց այդ ձեռագրերը հիմնականում հավաքվել էին մի մարդու ձեռքով։ Նրա անունն էր Աբրահամ Ֆիրկովիչ՝ ազգությամբ կարաիմ մի գիտնական, որն այդ ժամանակ 70–ն անց էր։ Իսկ ովքե՞ր էին կարաիմները։*

Այս հարցը մեծապես հետաքրքրում էր նաև ցարին։ Ռուսաստանն ընդլայնել էր իր սահմանները և գրավել այնպիսի տարածքներ, որ մինչ այդ պատկանում էին ուրիշ երկրների։ Արդյունքում կայսրության մեջ էին հայտնվել նոր ազգություններ։ Սև ծովի ափին գտնվող Ղրիմի գեղատեսիլ շրջանում ապրում էր մի ժողովուրդ, որը հրեական արմատներ ուներ, բայց հետևում էր թուրքական ավանդույթների և խոսում մի լեզվով, որը նման էր թաթարերենին։ Դրանք կարաիմներն էին՝ մ.թ.ա. 607 թ.–ին՝ Երուսաղեմի կործանումից հետո Բաբելոն աքսորված հրեաների սերունդները։ Ի տարբերություն ռաբունական ավանդությունները պահող հրեաների՝ նրանք մերժում էին Թալմուդը և մեծ կարևորություն տալիս Գրություններն ընթերցելուն։ Ղրիմի կարաիմները փափագում էին ապացուցել ցարին, որ տարբերվում են ռաբունական հրեաներից, ուստիև պետք է առանձին կարգավիճակ ստանան։ Ներկայացնելով իրենց հին աստվածաշնչյան ձեռագրերը՝ նրանք հույս ունեին փաստելու, որ սերել են այն հրեաներից, ովքեր Բաբելոնի գերությունից հետո տեղափոխվել էին Ղրիմ։

Ֆիրկովիչը հին արձանագրությունների և ձեռագրերի իր որոնումները սկսեց Ղրիմի լեռնային շրջանում գտնվող մի հին բնակավայրից, որը կոչվում էր Չուֆուտ–կալե։ Սերնդեսերունդ կարաիմներն այստեղ ապրել են փոքր ժայռակերտ տներում։ Նրանք երբեք չէին ոչնչացնում շարքից դուրս եկած սուրբգրային ձեռագրերի օրինակները, որտեղ հանդիպում էր Աստծու՝ Եհովա անունը, քանի որ նման քայլը սրբապղծություն էին համարում։ Ձեռագրերը խնամքով դնում էին փոքր պահեստներում, որոնք կոչվում էին «գենիզա» (եբրայերեն՝ «թաքստոց»)։ Քանի որ կարաիմները խոր հարգանք էին տածում Աստծու անվան հանդեպ, այդ մագաղաթներին գրեթե ձեռք չէին տալիս։

Ֆիրկովիչը մանրազնին հետազոտեց դարերի փոշիով պատված այդ գենիզաները։ Դրանցից մեկում նա գտավ մի ձեռագիր, որը թվագրվում է մ.թ. 916 թ.–ով։ Այդ ձեռագիրը մեծ համբավ ձեռք բերեց և կոչվեց «Մարգարեների» (ուշ շրջանի) պետերբուրգյան կոդեքս։ Դա Եբրայերեն Գրությունների՝ մինչև օրս գոյություն ունեցող ամենահին օրինակներից մեկն է։

Ֆիրկովիչին հաջողվեց մեծ թվով ձեռագրեր հավաքել։ 1859 թ.–ին նա որոշեց իր այդ հսկայական հավաքածուն հանձնել Հանրային գրադարանին։ 1862 թ.–ին Ալեքսանդր II–ի աջակցությամբ գրադարանը գնեց այս հավաքածուն՝ դրա դիմաց վճարելով 125 000 ռուբլի, որ այն օրերի համար մի ահռելի գումար էր։ Այդ ժամանակ գրադարանի ամբողջ բյուջեն տարեկան հազիվ հասնում էր 10 000 ռուբլու։ Հավաքածուի մեջ էր նաև Լենինգրադյան հայտնի կոդեքսը (B 19A), որը թվագրվում է 1008 թ.–ով։ Դա Եբրայերեն Գրությունների ամենահին ամբողջական ձեռագիրն է։ Ինչպես նշում է մի աստվածաբան, «ամենայն հավանականությամբ, դա Աստվածաշնչի ամենակարևոր ձեռագիրն է, քանի որ ընկած է եբրայերեն Աստվածաշնչի ամենավերջին քննադատական աշխատությունների հիմքում» (տե՛ս հոդվածին կից շրջանակը)։ Նույն թվականին (1862) լույս տեսավ Տիշենդորֆի Սինայական կոդեքսը, որը ցնծությամբ ընդունվեց ողջ աշխարհում։

Հոգևոր լույսը մեր ժամանակներում

Այսօր «Ռուսաստանի ազգային գրադարան» անվանումը ստացած Հանրային գրադարանում է գտնվում հնագույն ձեռագրերի՝ աշխարհի ամենամեծ հավաքածուն։* Այս գրադարանի անունը երկու դարերի ընթացքում փոխվել է յոթ անգամ՝ դրանով իսկ արտացոլելով Ռուսաստանի պատմությունը։ Այն ամենից շատ հայտնի է Սալտիկով–Շչեդրինի անվան պետական գրադարան անվանումով։ Թեպետ 20–րդ դարի թոհուբոհում գրադարանը որոշ չափով վնասվեց, ձեռագրերը պահպանվեցին թե՛ երկու պատերազմների և թե՛ Լենինգրադի պաշարման ժամանակ։ Իսկ ի՞նչ են մեզ տվել այդ ձեռագրերը։

Հին ձեռագրերը հուսալի աղբյուր են Աստվածաշնչի բազմաթիվ ժամանակակից թարգմանությունների համար։ Դրանց շնորհիվ ճշմարտությունը անկեղծ սրտով փնտրող մարդիկ հնարավորություն ունեն ընթերցելու Սուրբ Գրությունների շատ ավելի ստույգ թարգմանություններ։ Թե՛ Սինայական, թե՛ Լենինգրադյան կոդեքսները արժեքավոր դեր են խաղացել Եհովայի վկաների կողմից հրատարակված «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանության» համար, որն ամբողջովին լույս է տեսել 1961 թ.–ին։ Լենինգրադյան կոդեքսի հիման վրա են կազմվել «Շտուտգարտի Եբրայերեն Աստվածաշնչի» ու Կիթելի «Եբրայերեն Աստվածաշնչի» տեքստերը, որոնցից օգտվել է Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն։ Այդ աղբյուրներում Աստծու անվան քառագիրը գործածվում է 6 828 անգամ, ինչպես որ բնագիր տեքստում։

Աստվածաշունչ ընթերցողներից համեմատաբար քչերը գիտեն, որ պարտական են Սանկտ Պետերբուրգում գտնվող այս գրադարանին և նրա ձեռագրերին, որոնցից մի քանիսը կրում են քաղաքի նախկին «Լենինգրադ» անունը։ Սակայն ամենից շատ մենք պարտական ենք Աստվածաշնչի Հեղինակին՝ Եհովային, որը հոգևոր լույսի աղբյուրն է։ Զարմանալի չէ, որ սաղմոսերգուն աղերսում էր նրան. «Ուղարկիր քո լոյսը եւ քո ճշմարտութիւնը. նորանք առաջնորդեն ինձ» (Սաղմոս 43։3

[ծանոթագրություններ]

Նա իր հետ բերեց նաև Քրիստոնեական Հունարեն Գրությունների մի ամբողջական ձեռագիր, որը վերագրվում է մ.թ. 4–րդ դարին։

Կարաիմների մասին ավելի շատ տեղեկություններ ձեռք բերելու համար տե՛ս «Կարաիմները և ճշմարտությունը գտնելու նրանց ջանքերը» հոդվածը, «Դիտարանի» 1995 թ. հուլիսի 15–ի համարում, անգլ., ռուս.։

Սինայական կոդեքսի մեծ մասը վաճառվել է Բրիտանական թանգարանին։ Ռուսաստանի ազգային գրադարանում մնացել են ընդամենը մի քանի ֆրագմենտներ։

[շրջանակ 13–րդ էջի վրա]

ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ՝ ՀԱՅՏՆԻ ԵՎ ԳՈՐԾԱԾՎՈՂ

  Իմաստություն դրսևորելով՝ Եհովան հոգ տարավ, որ իր Խոսքը՝ Աստվածաշունչը, պահպանվի և հասնի մեզ։ Այս գործում մեծ դեր է խաղացել գրագիրների աշխատանքը, որ կատարվել է դարեր շարունակ։ Ամենաբծախնդիր գրագիրները մասորեթներն էին՝ պրոֆեսիոնալ հրեա դպիրները, որոնք աշխատել են մ.թ. 6–10-րդ դարերում։ Հին եբրայերենը գրվում էր առանց ձայնավորների։ Ժամանակի ընթացքում սա մեծացրեց բառերի ճշգրիտ արտասանությունը կորցնելու վտանգը, մանավանդ երբ եբրայերենին սկսեց փոխարինել արամերենը։ Ուստի մասորեթները ձայնավորների համակարգ մշակեցին. նրանք աստվածաշնչյան տեքստին ավելացնում էին ձայնավոր հնչյունները պատկերող նշաններ՝ ցույց տալու համար եբրայերեն բառերի ճիշտ արտասանությունը։

  Լենինգրադյան կոդեքսում տեղ գտած մասորեթական նշանները, որ դրված են նաև քառագրի՝ Աստծու անունը ներկայացնող չորս եբրայերեն բաղաձայնների վրա, ցույց են տալիս, որ այն արտասանվել է՝ Եհվահ, Եհվիհ կամ Եհովահ։Ներկայումս ամենալայն տարածումը գտած արտասանությունն է՝ Եհովա։Աստծու անունը ծանոթ էր Աստվածաշունչը գրի առնողներին, ինչպես նաև հնում ապրած մյուս մարդկանց, և նրանք օգտագործում էին այն։ Այսօր նույնպես այդ անունը հայտնի է միլիոնավոր մարդկանց և գործածվում է նրանց կողմից, քանզի այդ անհատներն ընդունում են, որ ‘Եհովան միակ Բարձրյալն է բոլոր երկրի վրա’ (Սաղմոս 83։18

[նկար 10–րդ էջի վրա]

Ազգային գրադարանի ձեռագրերի սրահը

[նկար 11–րդ էջի վրա]

Եկատերինա II

[նկարներ 11–րդ էջի վրա]

Կոնստանտին ֆոն Տիշենդորֆը (կենտրոնում) և Ռուսաստանի ցար Ալեքսանդր II–ը

[նկար 12–րդ էջի վրա]

Աբրահամ Ֆիրկովիչ

[նկար 10–րդ էջի վրա. թույլտվությամբ ]

Both images: National Library of Russia, St. Petersburg

[նկար 11–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.