Հոգումս տոն էր…

998316_455297937924549_1893781390_nԸնթերցավարների Աշտարակ կատարած ուսումնական ճամփորդության մասին մասնակիցներն արդեն մի քանի նյութով կայքում անդրադարձել են, ուստի չեմ խոսի օրվա մանրամասների մասին։ Ուզում եմ պատմել, թե ինչ ակնկալիքներով էինք գնացել և ինչ ձեռքբերումներով վերադարձանք:

Ծրագրի նպատակը կրթամշակութային փոխանակումներն էին, ուստի հանդիպումն սկսեցինք կրթահամալիրը ներկայացնելով։ Կայքն ըստ արժանվույն ներկայացվեց գրադարանի պատասխանատուներ տիկին Մարիի և Զառայի ջանքերով: Բայց աշտարակցիներին հատկապես զարմացրեց, թե ինչպես էին մեր սովորողներն անկաշկանդ հանդես գալիս և պատմում իրենց բլոգների մասին: Արդյունքում՝ կայքը, մեդիագրադարանը, բլոգները, մեդիագրքերը ներկայացնելը գերազանց ստացվեց։ Այս ամենին հետևեց  Աշտարակի դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակության պատասխանատուի թերահավտությամբ լի, բայց անկեղծ հարցը. «Այս ամենը շատ լավ է, բայց ինձ հատկապես հետաքրքրում է ինչ մակարդակի վրա է ձեր կրթահամալիրում հոգևոր և ազգային կրթությունը»: Հարցադրման առաջին մասին ի պատասխան Զառան պարզապես ցույց տվեց մեր տոնացույցը, ծիսաշարը, Մովսիսյան Նունեի, Վահե սարկավագի բլոգները: Պատմեցինք մեր երգչախմբի ուսումնական ճամփորդությունների, այդ ընթացքում եկեղեցիներում երգելու և դրանք երգով կենդանացնելու մեր ջանքերի, Հայ Առաքելական եկեղեցու հետ իրականացվող այլ ձեռնարկումների մասին: Աշտարակցի սովորողների հետ խմբովի Կոմիտաս կատարելուց և դպրոցի բակում միասնական շուրջպարեր թնդացնելուց հետո, բոլոր բարձրաձայնված և մտքում առաջադրված հարցերի պատասխանները տրվեցին: Ակնհայտ էր, որ մեր սովորողները ոչ միայն ՏՀՏ հմտություններին  էին տիրապետում, այլ բավականին կուտակած գիտելիք ունեն իրենց մշակույթի և պատմության մասին:

Հետագա կրթական փոխանակումների համար պայմանավորվածություններ ձեռք բերեցինք. մեր կողմից՝ Աշտարակի Պ․Պռոշյանի անվան դպրոցի գրադարանավարների վերապատրաստում, անհրաժեշտության դեպքում ՏՀՏ հմտությունների ու մեդիա դասագրքերի պատրաստման ուսուցում, գրքերի, մեդիագրականության, մեդիափաթեթների տրամադրում, իրենց կողմից՝ լավ բարեկամներ Աշտարակում: Մենք նրանց սիրով հրավիրեցինք սեբաստացիների օրերին մասնակցելու, միասին ուրախանալու և մեր ավանդական ղափաման, հարիսան ու թթուն համտեսելու:

Ծրագրում ներառել էի նաև այցը Պ. Պռոշյանի տուն-թանգարան: Բացի թանգարանում շրջայց կատարելուց նպատակ ունեի մեր սովորողին հաղորդակից դարձնել տարածքում գործող «Տոնացույց» ժողովրդական թատրոնի արվեստին, որոնց ծիսական ներկայացումներն առիթ էի ունեցել վայելելու: Այս թատրոնի դերասանները Ագարակ, Բյուրական ավանների և Ապարան քաղաքի բնակիչներ են, ովքեր պրոֆեսիոնալներ չեն, այլ բեմադրվող նյութի իրական կրողները: Նրանք չեն խաղում, այլ ապրում են այդ տոնն ու ծեսը հյուսելով։ Ծեսն ամենախորքերից է գալիս։ Այն մարդու աշխարհընկալման և սիրելու դրսևորումն է, և պիտի հասկանալի լինի յուրաքանչյուրին։ Բայց, հաշվի առնելով “քաղաքակրթված” և բնապաշտության շրջանի մարդու շրջակա միջավայրի և հետևաբար աշխարհընկալումների տարբերությունը,  մի տեսակ մտավախություն ունեի. արդյոք կհաջողվի՞ հանդիսատեսին հաղորդակից դարձնել ծեսի խորհրդին: Ներկայացման ընթացքում հետևում էի մեր սովորողների դեմքերի արտահայտություններին ու ժեստերին։ Ակնհայտ էր, որ կրթահամալիրում ժողովրդական տոնի, ծեսի, բանահուսության, էպոսի մասին տրված գիտելիքն արթուն էր պահել գենետիկ հիշողությունը։  Այս ամենը հաստատեց նաև “Տոնացույց” ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը՝ ասելով․ “Դուք այսօր պարարտ հող էիք բերել։ Հաճախ չենք ունենում այսպիսի հանդիսատես”։

Տուն մտնելուց հետո միայն, երբ գործն ավարտին էինք հասցրել, հոգնություն զգացի, բայց հոգումս տոն էր:

Մարի Գաբանյան

Մեկ կարծիք «Հոգումս տոն էր…»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Հոգումս տոն էր… | Վանուհի Սիմոնյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.