Երբ որևէ գիտելիք ես ստանում, նախ միջովդ անցկացնում ես, հասկանում, հետո դասավորում ես համապատասխան դարակներում, որ այնտեղից հերթով դուրս բերես ու կիրառես։ Հետո, այդ մասին կարող ես խոսել, պատմել, անգամ նկարագրել։ Սա այսպես է գրեթե բոլոր դեպքերում։ Ասում եմ գրեթե, որովհետև երեկվա կատարվածն ախր «պատմելիք» չէր, «զգալիք» էր: Դա պատմելը նույնն է, թե փորձեմ պատմել, թե ինչպես է հոսում երաժշտությունը։ Մինչ էպոսի գրառումը ասացողներն ու երգողները ոչ թե պատմում, այլ ապրում էին նրա բոլոր շերտերում։ Մենք նույնպես ապրում ենք այն ամեն օր, որովհետև էպոսը մեր ինքնությունն է, մեր աշխարհընկալումը, մեր պատկերացումներն անհունի մասին։ Այն հարատև է, անսկիզբ ու անվերջ։ Բայց էպոսը ծնող մարդու ընկալումները մեծապես տարբերվում են ժամանակակից մարդու ընկալումներից։ Այն ժամանակի ու տարածության մասին մեր տրամաբանությունից դուրս է։ Դա է պատճառը, որ էպոսի փոխանցած գիտելիքն այսօր մեզ համար բանաձևային է, իսկ նրանց համար բաց էր։ Նրանք այդ գիտելիքը հորից որդի փոխանցելով կարողացան առանց պետականության շարունակել իրենց ընթացքը։ Հեշտ չի լինելու մեզ համար մոտենալ այդ գիտելիքին, բայց առանց դրա ցորենը չի դառնա քանց մասուր մի, ու գարին չի դառնա քանց ընկուզ մի։ Այսօր գիտելիքի փոխանցման հմտությունն ու ցանկությունը տկարացել է։ Բայց խզված են կապերը միայն գիտակցական մակարդակում, արքետիպերը քնում են, բայց երբեք չեն մահանում։ Այսօր դա ակնհայտ էր, երբ հնչեց տիկին Արուսյակի ձայնը։ Ասես Ձենով Օհանի ահասարսուռ ձայնն էր անիմանալի խորքերից.
֊Ա~խ, կը կանչե՛մ, թող գան,
Ով իր աստված կը սիրե, թող գա.
Մարութա բարձր Աստվածածին տի շինենք, թող գա՛: …
Կանչե՜ց, ու ձենը կամուրջ դառավ, էրեկն ու վաղն իրար կապեց: Գնա՜ց, թափ առավ, էկավ զարկեց Ժուկ ու Ժամանակի դրած սահմանները քանդեց… ու հայդե չուրի Մհերի դուռ, էն տիեզերական քարայրը, ուր Մհեր կապրի: Սրբեց, տարավ վախ ու կասկած, որ տեղը Սասնա տունը կանգնի: Ձենո՛վ Օհան, քեզի մատաղ, կանչե՛, հանկարծ չդադրիս:
Հ. Գ. Առայժմ այսքանը երեկվա հանդիպման մասին, որովհետև անհնար է մեկ անդրադարձով ներակայացնել այն ամենը, ինչ մենք վայելեցինք։ Շնորհակալություն տիկին Արուսյակին, մեր զգայարանները ցնցելու ու մեր նախնյաց ձայնը լսելի դարձնելու համար: