Տատիկներին ու պապիկներին ուղղված «Զանգակ» գրատան հետաքրքիր նախաձեռնությունը՝ մասնակցելու «Հեքիաթ թոռնիկիս» ծրագրին, ինձ ուրախացրեց: Մտածեցի՝ որքա՜ն սովորողներ իրենց տատիկ-պապիկներով կցանկանան մասնակցել: Հիասթափությունս մեծ եղավ, երբ լսում էի՝ ժամանակ չունենք, ավելի կարևոր գործեր կան, վատառողջ եմ…
Մի՞թե երեխայից թանկ և ավելի կարևոր գործեր կան…
Նոր դպրոցի սեբաստացի տատիկները որոշեցին այդ նախաձեռնությանը մասնակցել:
«Զանգակ» հրատարաչության գրատունը նախապատրաստվել էր ընդունելությանը: Մեծ գրատան սրահում տեղադրված ամանորյա ծառը ողջունեց մեզ: Բոլորիս աչքերը ողողվեցին ջերմ ժպիտով. կարծես հարազատ օջախ էինք մտել: Մեզ ուղեկցեցին փոքրիկ հեքիաթային սենյակ, գույնզգույն, մեծ ու փոքր գրքերով ու ողողված պայծառ լույսերով: Ահա այդտեղ մենք պետք է լսեինք հեքիաթասացներին: Ով ինչպես և ի՞նչ էր պատմելու: Այս հարցում էլ սեբաստացի դասավանդողը այլընտրանքային մոտեցում դրսևորեց:
Վերջում քվեարկություն կատարեց փոքրիկ հանդիսատեսը: Առաջին փուլի հաղթող ճանաչվեց հեքիաթասաց տ. Նոննան՝ իր թոռնուհու հետ, ովքեր հաջորդ անգամ պետք է պատմեին Չիպոլինոյի արկածները: Ովքեր ուզում են այն լսել տիկին Նոննայի շուրթերից , համեցեք: Ես թոռնիկիս հետ ներկա եմ գտնվելու:
Գրատան ներկայացուցիչների հետ շրջեցինք ու ծանոթացանք հրատարակչության նորաստեղծ գրքերին:Մենք մեր թոռնիկների նախընտրած գրքերը գնեցինք, իսկ 4-6-րդ դասարանցիներն էլ՝ ընտրեցին իրենցը: Ամբողջ ճանապարհին երեխաների շուրթերից լսվում էին միայն.
-Ի՜նչ կլինի, վաղն էլ միասին գանք:
— Կարելի է՞, մենք էլ պատմենք:
-Ես տատիկիս համոզելու եմ, որ ինքն էլ գա…