Դիջիմտորում

img_3967_1

Մինչ կրթահամալիրում աշխատանքի անցնելն ու դրանից հետո այնքան բան եմ վերցրել ու տվել, որ չարժե մեկ պատումում տեղավորել․ հաստատ հոգնեցնող կլինի: Պարզապես նշեմ մի քանի միջոցառումներ, նախագծեր, որոնց մասնակցելու հնարավորություն եմ ունեցել: Մասնակցել եմ ընթերցասրահների ստեղծման բարդ գործընթացին, Սեբաստացիներ երգչախմբի աշխատանքներին, համերգներին, այժմ սովորում եմ Քոլեջի գրադարանային գործ և վոկալ բաժնում, մասնակցում եմ գրադարանային սեմինարներին, իրականացրել կամ պարզապես մասնակից եմ եղել մի շարք նախագծերի (Դասարան անիվների վրա, Սեբաստացու օրեր, Գրքի տոն, Սասնա ծռերի օրեր, Հեքիաթ թոռնիկիս Զանգակ հրատարակչությունում): Վերոհիշյալների մասին շատ է խոսվել, չեմ մանրամասնի: Այդ մասին կարող եք կարդալ գրադարանի ենթակայքում և իմ բլոգում: Ես ուզում եմ ներկայացնել այդ գործընթացներին մասնակցության արդյունքում իմ ձեռքբերումների մասին, որոնք ես կարևորում եմ:

Ընդհանրապես կրթահամալիրում իմ գլխավոր ձեռքբերումը, նաև մինչև աշխատանքի անցնելս, համարում եմ Սեբաստացիներ երգչախմբում ներգրավված լինելը: Այն ինձ համար հոգեպես սնվելու, գիտելիք ստանալու, սովորածս տարածելու, մեր խմբավարի՝ իրական մտավորականի հետ շփվելու հնարավորություն է:

Ընթերցավարի աշխատանքում 2013 թ. իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ընթերցողների հետ ընկերանալն ու նրանց վստահությունը ձեռք բերելը, որն, իհարկե, հեշտ գործ չէ, այն էլ ավագ դպրոցում: Մտնել ձևավորված ընթերցասրահ, որն արդեն ունի իր հիմնական ընթերցողը այլ բան է, իսկ ընթերցասրահի հիմքեր դնել և ընթերցողներ հավաքելը՝ մի այլ բան: Երբ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նրանց առաջարկում էի մասնակցել որևէ ծրագրի, նրանք պարզապես մերժում էին՝ պատճառաբանելով իրենց զբաղվածությունը, իսկ պարտադրանքով արված ցանկացած աշխատանքի դեմ եմ: Առանց ընթերցողների ակտիվի յուրաքանչյուր ծրագրի իրականացում դժվարանում և ինքնանպատակ ու անիմաստ է դառնում։ Ժամանակ ու ջանքեր պահանջվեցին, որ նրանք ինձ որպես ընկեր ընդունեն: Նախատոնական օրերին նրանց ակտիվ մասնակցությամբ ձևավորեցինք ընթերցասրահը։ Նրանք ոգևորված էին այդ աշխատանքով, իսկ ես նրանց ոգևորությամբ։

Շատ կարևոր եմ համարում կրթահամալիրի ռիթմով ապրելու հմտության ձեռք բերումը, որն առաջիկայում ավելի զարգացնելու կարիք ունի: Թեև արդեն չորս տարի է ինչ առնչվում եմ կրթահամալիրի հետ որպես ծնող և մոտ մեկ ու կես տարի է ինչ երգում եմ Սեբաստացիներ երգչախմբում, միևնույն է կրթահամալիրի գործընթացում որպես աշխատող ներգրավված լինելը լրիվ այլ բան է։ Ցանկացած գործում նախ պետք է դաշտն ուսումնասիրել և այդտեղ անելիքներդ հասկանալ, բայց հենց առաջին պահից հասկացա, որ դրա համար ժամանակ չկա։ Հասկացա, որ այստեղ լրիվ այլ ռիթմով է կյանքն ընթանում: Պիտի խոստովանեմ սա ինձ համար մեծ դժվարություն էր, այն է. անել նախագիծ ամենասեղմ ժամկետում առանց խորապես հասկանալու կրթահամալիրի մեթոդական պահանջները: Աշխատանքն անհամեմատ դժվար կլիներ առանց կենտրոն գրադարանի աշխատակիցների աջակցության։ Ես գրեթե աշխատանքային ամեն օրս սկսել եմ նրանց հետ խորհրդակցելով և մտահղացումներս քննարկելով։

Ձեռքբերում եմ համարում գրավոր խոսքս զարգացնելը: Քանի որ մտքերս գրավոր շարադրելու առիթ վաղուց չէի ունեցել, նյութեր հրապարակելն ինձ համար իսկական տանջանք էր։ Մի քանի փոքրիկ նյութից հետո միտքս գրավոր ձևակերպելու դժվարությունն արդեն մասամբ հաղթահարված էր։ 2014թ․֊ի համար ինքս իմ առաջ երկու առաջադրանք եմ դրել․ նախ՝ սովորել գործել սեղմ ժամկետում և երկրորդ՝ այդ մասին պատմել գրավոր (էլի սեղմ ժամկետում)։

Վերջում ուզում եմ խոսել մի շատ կարևոր փաստի մասին. «համապատասխան» մարդկանց հետ հանդիպելու և ընկերանալու ձեռքբերումը: Այսօր ես նոր ընկերներ եմ ձեռք բերել՝ հանձին կրթահամալիրի շատ աշխատողների և սովորողների: Էլ չեմ խոսում կենտրոն գրադարանի և ընթերցավարների ձևավորած ընտանիքի մասին, ուր համատեղ աշխատանքն ու միմյանց աջակցելը հաճույք է դարձել: Այս գործում յուրաքանչյուրիս ներդրումը կա, բայց առավելապես՝ կենտրոն գրադարանի աշխատակիցների:

2014 թ.-ի համար ծրագրերում կարևորում եմ վերոհիշյալ ձեռքբերումներիս ամրապնդումն ու զարգացումը և այդ հմտությունների կիրառմամբ:

Քանի որ կարծում եմ ինչպես անհատի այնպես էլ հանրության համար ինքնաճանաչումը, ինքնաքննումն ու ինքնաբացահայտումը շատ կարևոր են, այս տարվա համար մտքումս պտտվող նախագծերը միտված են օգնել սովորողներին ճանաչել և հետևաբար գնահատել ու սիրել մեր ժողովրդի փոխանցած նյութական ու ոչ նյութական մշակույթը՝ նպատակ ունենալով զարգացնել ու տարածել այն: Հատկապես առանձնացնում եմ ոչ նյութական մշակույթը, օրինակ տոների վերականգնումը, որոնք ամենից շատն է բզկտվել ու մոռացվել: Քանի որ վերջին 100 տարիների ընթացքում ոչ նյութական մշակույթի ավանդման և փոխանցման համակարգը մեծապես վնասվել է, այն մի տեսակ դադարել է վերարտադրվել ներկայում և ներկայացվում է միայն որպես անցյալից եկած ավանդույթ, թանգարանային նմուշ: Այնինչ տոնի շուրջ մարդկանց հավաքվելն ու այն կենցաղ դարձնելն այսօր կարևոր է ամուր պետություն ստեղծելու համար:

Վանուհի Սիմոնյան

Աղբյուրը՝ Վանուհու բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.