Չուշանալ ապրելուց, զգալուց, հավատալուց ու սիրելուց: Ոչ թե շտապել, այլ չուշանալ է պետք:

Տիգրան Հայրապետյան օրերի ստուգատեսի եզրափակումը տեղի ունեցավ Միջին դպրոցի ընթերցասրահում, որտեղ հավաքվել էին իրար հարազատ մարդիկ: Հանդիպումը առավել ջերմ էր այն պատճառով, որ ներկա էր Տիգրան Հայրապետյանի մայրը՝ տիկին Ֆրիդան: Նա հուզված ու զգացված էր այն փոփոխություններից, որ տեղի էին ունեցել վերջին այցելությունից ի վեր: Նա շրջեց ընթերցասրահում ու կանգ առավ դարակներից մեկի առջև: Մինչև հանդիպման սկիզբը ընթերցողի իր յուրահատուկ հոտառությամբ ընտրեց մի քանի գիրք տանն ընթերցելու համար: Առաջինը խոսեց Վահրամ Թոքմաջյանը ու հակիրճ ներկայացրեց վերջին չորս օրերի նախագծերը: Այնուհետև ծափահարությունների ներքո, նախագծի առավել աչքի ընկած մասնակիցները պատմեցին իրենց և իրենց աշխատանքների մասին: Երբ խոսքը փոխանցեցին տիկին Մարիին, նա ակնհայտ հուզմունքով պատմեց գրադարանի անցած ուղու մասին: «Տիգրան Հայրապետյան» գրադարանն ու Տիգրան Հայրապետյան մարդը այնքան են նույնացվել, որ, թվում է, նրա ուղին շարունակվում է գրադարանի հետ համընթաց: Չէր կարելի չխոսել նաև այն մարդկանց մասին, ովքեր կանգնած են եղել գրադարանի ստեղծման մատույցներում: Այն, ինչ մենք տեսնում ենք   անդուլ աշխատանքի և անբասիր նվիրումի արդյունք է: Ինչպես նշեց տիար Բլեյանը. «Գրադարանը բացառիկ է նրանով, որ ստեղծվել է ուսուցիչների և սովորողների միահամուռ ջանքերով: Բոլորդ էլ գրադարան եք ձեր բլոգներով ու հոդվածներով: գրադարանը կրթահամալիրի կենտրոնն է ու նրա յուրաքանչյուր քայլը ուղղորդվում ու աջակցություն է ստանում գրադարանից»: Եվ այդ ամենը անընդհատ առաջ գնալու, զարգացման հետևանք է: «Ոչինչ հենց այնպես չի տրվում, ամեն ինչի համար պայքարել է պետք, նախ և առաջ կանգ չառնել ու չընկրկել դժվարությունների առաջ», _ ասպես սկսեց   իր խոսքը «գրադարանի աղջիկը»՝ Զառան: Այս կոչումը նա առաջինն է ստացել, ու վերածել է այն կոչի՝ եթե աշխատանքը վախեցնում է, ապա դու չես կարող լինել «գրադանի աղջիկ»: Այս անգամ այդ կոչմանն արժանացավ Աննա Գսպոյանը: Նա խոսեց իր մասին չմոռանալով երախտիքի խոսքեր ասել իր ավագ գործընկերներին, որոնք այս էլ որերորդ սերունդն են առաջնորդում դեպի ուսումն ու իմաստությունը:

Ինչպես միշտ տիար Գևորգը՝ սթափ գնահատելով իրավիճակը, մի գործնական առաջարկ արեց՝ ողջ տարին ուսումնասիրել, կարդալ Տիգրան Հայրապետյանին, նրա կյանքն ու գործունեությունը: «Ամեն անգամ, երբ  կարդում եմ նրա գործերը զգում եմ, թե ինչքան գիտելիք ունի նա, ինչքան է ընթերցել և անձնուրաց նվիրվել իր գործին, ես զարմանում ու հիանում եմ նրանով ու համոզվում, որ գրադարանը այլ անուն չէր կարող ունենալ», _ հավելեց տիար Բլեյանը:
Չուշանալ ապրելուց, զգալուց, հավատալուց ու սիրելուց: Ոչ թե շտապել, այլ չուշանալ է պետք:

Լիանա Տեր-Պողոսյան

Աղբյուրը՝ 

«Ով ենք մենք» նախագծի հանդիպման բացմանը

Արտակ Զարգարյան
«Ո՞վ ենք մենք» նախագծի հանդիպմանը
Հանդիպումը այնպիսի հետաքրքրություն էր առաջացրել մասնակիցների մոտ, որ հավաքվել ու սպասում էին լարված: Խոսքը բացեց Արտակ Զարդարյանը: Նա սկսեց պատմական մի ճանապարհորդություն մեր պատմության բազմաթիվ էջերը թերթելով: Մտահոգիչ է իհարկե, թե որչափ անտեղյակ ենք մենք մեզնից, որքան թյուր կարծիք ունենք մեր արժանիքների մասին: Իսկ Արտակի սեփական փորձը ուղղակի աղաղակում է, որ մենք աշխարհին ներկայանում ենք ոչ այն, մեզ հայտնի լավ կողմով ու դա սթափեցնող է:
   Վանուհին իր խոսքը ուղղեց մի պարզ հարցի ուղղությամբ՝ «Ո՞վ ենք մենք»: «Ո՞վ եմ ես» հարցը մենք հաճախ ենք տալիս ինքներս մեզ ու հայտնվում էլի նույն խաչմերուկում՝ վերջ ի վերջո ովքե՞ր ենք մենք… Թեման այնքան ծավալուն ու ընդարձակ է և արմատներով ձգվում է դեպի անցյալի խորքը: Էթնոհոգեբանությունը անանցանելի ու դեռ կուսական թավուտներ ունի և նրա նշույլները արտացոլվում են մեր կյանքի բոլոր բնագավառներում, հատկապես պարի, տոների ու ծեսերի մեջ: Տարին, որպես ժամանակի միավոր, ըստ մեր նախնիների պատկերացման կրկին ու կրկին թարմանալով պարուրաձև ընթանում է, պտտվելով մեր շուրջպարի պես, որը, ի դեպ, պետության խորհուրդ ունի: Ձեռք-ձեռքի տված մենք համախմբվում ենք մի գաղափարի շուրջ ու մեր միասնականությունը կազմում է պետական մտածողության հիմնական դրույթը: ՍՍՀՄ-ը կտրեց այդ անցյալից ձգվող թելը, որը մեր ինքնության հետ կապն էր ապահովում, դրան փոխարինելով ուտոպիստական փուչ բարբաջանքով, որը փլուզվեց՝ թողնելով մեզ մեր արմատներից կտրված անորոշության մեջ: Ո՞րն է ելքը… Ավանդույթը արդիականացնելու խնդիրն է մեր առջև դրված ու, ինպես Վանուհին է ասում, մենք կարող ենք փուչիկներով, սրճարանում տոնել, ժամանակակից մարդը չի կարող իր ժամանակին հակառակ շարժվել, չէ՞ որ արխայիկ ժամանակաշրջանի մարդը այլ կերպ էր ընկալում, իսկ միջնադարում միանգամայն այլ կերպ էին նայում աշխարհին, հետևաբար նրանց տոների կազմակերպումն էլ այլ էր, մենք էլ քսանմեկերորդ դարի ծնունդ ենք ու բնական է, որ կարիք ունենք մեր մոտեցումն ունենալ ավանդույթի նկատմամբ, այն ավանդելով մեզանից հետո եկող սերնդին:
  Դե պատկերացրեք, կարելի՞ է արդյոք մի հանդիպման ժամանակ այս մասին խոսել ու սպառել: Իհարկե նախագիծը, որի հաջողության գաղտնիքը նրա նվիրյալների անկեղծ պոռթկման ու անկաշառ անկեղծության մեջ է, կունենա իր շարունակությունը: Մենք բաց ենք արել իմացումի դռները, որոնք էլ չեն փակվելու..