«Դասարան անիվների վրա» նախագիծը այս անգամ էլ մեզ տարավ ԶՈւ թիկունքի զորամաս: Նախնական պայմանավորվածության համաձայն մեր փոքր խումբը զինվորականին վայել ճշտապահությամբ ճանապարհ ընկավ: Մեզ հետ գրքերի մի քանի կապոց էինք վերցրել և փոխգնդապետ Ռաֆայել Մեսրոպյանի ուղեկցությամբ բարեհաջող տեղ հասանք: Մեզ դիմավորեց զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Հրայր Վարդանյանը՝ շատ հանգիստ, զուսպ և սիրալիր ժպիտով: Միանգամից աշխուժացած տղաները չէին համբերում ամեն ինչ տեսնել ու հարցերի տարափ տեղացին նրա վրա: Բոլոր հարցերին համբերատար ու հակիրճ պատասխաններ ստանալով մնում էր միայն ուշադիր լսել ու տեսնել:
Ինձ ամենից շատ հետաքրքրում էր զորամասի գրադարանը, որը գտնվում էր ակումբի տարածքում: Այստեղ , դահլիճի ու հանգստի սրահի հետ տեղ էր գտել փոքրիկ, հաճելի, լուսավոր մի սենյակ, որտեղ գրադարակներում շատ յուրօրինակ ձևով շարված էին գրքեր ու լրագրեր: Երևում էր, որ գրադարանում գեղեցկության ու կարգապահության զգացումով կին էաշխատում, սակայն պակասում էր գրադարանավարի մասնագիտական մոտեցումը: Պարոն Վարդանյանը պարզաբանեց, որ զորամասերի մեծ մասում հատուկ գրադարանային կրթություն ունեցող գրադարանավարներ չեն աշխատում, բայց Պաշտպանության նախարարությունը ծրագրում է հատուկ ուշադրության կենտրոնում պահել գրադարանները, վերակազմավորելով ու հագեցնելով դրանք ժամանակակից պահանջներին համապատասխան: Ես կրթահամալիրի պատրաստակմությունը հաղորդեցի գրադարանավարների համապատասխան վերապատրաստումն իրականացնելու «Տիգրան Հայրապետյան» գրադարանի բազմափորձ մասնագետների կողմից, հավելելով, որ աշխարհում արդեն բավականին առաջ անցած թվայն գրադարանները կարող են հասանելի դառնալ և համակարգչի օգտագործումը դարձնել նպատակային: Գրադարանից հետո մի փոքր շրջեցինք տարածքում: Տղաները շատ ոգևորվեցին, երբ պարոն Վարդանյանը հայտնեց, որ AK-74-ի ցուցադրում և մասնակի քանդման ու հավաքման ուսուցում կլինի: Այսպես ծանոթացանք կապիտան Վհագն Հարությունյանի հետ: Առանձին պիտի խոսեմ այդ իրական, մարդկային, կիրթ ու զուսպ, համբերատար ու պրոֆեսիոնալ մարդու մասին: Նրա գլխավորությամբ տղաները այնքան շուտ ընկալեցին զենքի կառուցվածքի ու կիրառման մասին այդ դաս-ծանոթությունը, որ գործնականում ոչ մի անհասկանալի մաս չմնաց: Արմանը ինչպես միշտ ամեն ինչ ձեռքով փորձեց: Մինչ տղաները փոխգնդապետ Մեսրոպյանի հետ զենքի հետ էին ծանոթանում, մենք մի փոքր զրույց ունեցանք պարոն կապիտանի հետ: Իմ այն հարցին, թե հնարավորությունն օգտագործելով ի՞նչ կփոխանցեր նա դպրոցներին ապագա զինվորներին ուսուցանելու և պատրաստելու գործում: Նա միայն մի բան կարևորեց. «Ինչքան կարող եք լավ սովորեք, տղերք…»
Լիանա Տեր-Պողոսյան