Ընթերցանության, ժամանակավրեպ Թումանյանի ու նման բաների մասին

598694983983 Ընթերցանությունը նախընտրանք է, շատ անհատական ու յուրահատուկ։ Բայց սա վերաբերում է մեծերին, ովքեր որևէ ազդեցությամբ կամ, եթե այդպես հնարավոր է, առանց կողմնակի ազդեցության արդեն ձևավորել են ընթերցանության իրենց մշակույթը կամ հրաժարվել դրանից մեկընդմիշտ։  Իսկ դպրոցի դերն այդ մշակույթը ձևավորելում ո՞րն է, ունի՞ դպրոցը դեր այդտեղ։
Նման մտքերը գլուխս չէին պաշարի, եթե չլիներ գործընկերոջս այս հոդվածը։

Ուրեմն՝ Թումանյան։

Հետաքրքիր է, եթե առաջարկում ենք ծանոթանալ Թումանյանի պոեմներին, ու սովորողը, ասենք, կարդում է «Անուշը»։ Ի՞նչ է տեսնում էստեղ 14-15 տարեկան երեխան։ Որպես կանոն, նախ և առաջ տեսնում են սյուժեն՝ սիրում էին իրար, եղբոր հետ խնդիրներ ծագեցին, փախավ, սիրածի եղբայրը սպանեց… Ու սկսում է հիմնավորել՝ ժամանակավրեպ է, որովհետև ո՞վ է հիմա մարդ սպանում մի ստից բանի համար, տաղտկալի է, որովհետև գյուղի լեզվով է գրում, անկապ է, որովհետև երկար-բարակ էլ ջանգյուլում է նկարագրում, էլ հարսանիք, էլ թաղում։ Կարող էր երկու-երեք նախադասությամբ գրել պրծնել։

Սա կարծիք է։ Սա կարծիք է սովորողի, ով իր թափած ջանքի համար վրեժ է լուծում հեղինակից։

Սովորաբար դասարանում սովորողների մակարդակները քիչ են տարբերվում իրարից։ Ի՞նչ է լինում, եթե հնչած կարծիքը միակն է մնում, քանի որ հակադիր կարծիքն ուսուցչինը կարող է լինել, իսկ նա, հեղինակությամբ ճնշելու մտավախությունից չի արտահայտում իր կարծիքը։ Նման կարծիքը խմբում զգալի թիվ կազմող երեխաների կողմից պարզապես կարող է ընկալվել որպես չառարկված, հետևաբար ընդունված։
Ի դեպ՝ վրեժի մասին. շատ հաճախ վրեժ լուծում են՝ վերականգնելու համար պատիվը։ Ո՞ւմ առաջ են վերականգնում պատիվը։ Իհարկե, հասարակության։ Ընդհանրապես հասարակությունը մեծ ազդեցություն ունի մարդու գործողությունների վրա։ Եթե չդրդեին Մոսիին («Ամոթ քեզ, Մոսի, թուք ու նախատիք….»), գուցե հերոսը վեր կենար, շորերը թափ տար ու նորից խաղի մեջ մտներ։
Որևէ խմբի պատկանելու պահանջմունքը մարդու համար կենսական է։ Դրա համար մարդ ենթարկվում է իր խմբի՝ դասարանի, գյուղի, ժողովրդի, կարճ՝ հասարակության սահմանած օրենքներին։ Բայց հասարակությունը դաժան է։ Նա ոչ միայն չի ներում նկատած շեղումները, այլև շատ հաճախ դրդում է գործողությունների, որոնց հետևանքի համար պատասխանատուն, միևնույն է, կատարողն է։ Եվ եթե արարքը, այսպես ասած, հակահասարակական է, նույն հասարակությունը, միևնույն է, մերժում, վտարում է մարդուն։
Այսպես է հասարակության զոհը դառնում Մոսին։ Այդպես է նաև Րաֆֆու հերոսը՝ Սամվելը։ Ցավոք, Սամվելի հետագա ճակատագիրը չի նկարագրվում վեպում, բայց Մոսին ներկայացված է մինչև վերջ՝

«Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր»:

Այսինքն՝ Մոսին այլևս մարդասպան է՝ բարոյապես վերջացած, մեռած։ Ո՞ւմ օգուտ բերեց նրա վրիժառությունը։
Վրիժառության թեման ժամանակավրե՞պ է։ Սովորողն ինքնուրույն կհասնի՞ այս թեմային։ Նպատակն ամենևին էլ լալահառաչ «Անուշ» կարդալը չէ, ոչ էլ Թումանյանին թութակի ջանասիրությամբ հանճարեղ կոչելը։ Այստեղից պիտի բխեր իր կենսական պահանջմունքների մեջ մարդու՝ նպատակահարմար ընտրություն անելու հմտության անհրաժեշտությունը։ Էստեղից պիտի սովորողն անդրադառնար իր կյանքում ու արարքներում հասարակության դերին, երբեմն՝ ճնշումներին։ Գուցե սա պիտի առիթ լիներ, որ անդրադառնար ընդհանրապես մարդկության մի հատվածի ճնշումին մյուսի նկատմամբ, օրինակ՝ պատերազմներին, գուցե կարդար  Վոլֆգանգ ԲորխերթԻտալո Կալվինո։ Էստեղից գուցե անձի ազատության շավիղը բռներ ու հասներ էկզիստենցիալիզմին՝ Կիերկեգոր ու Սարտեր կարդար։
Ուրիշ ինչպե՞ս է վերացարկման, գեղարվեստականության ընկալման հմտություն ու դրանով պայմանավորված ճաշակ մշակվում։
Վրեժխնդրության թեման մի դուռ էլ է բացում անհատի ու հասարակության հարաբերություններում. պատվախնդրության ու արժանապատվության տարբերակումը։ Ի վերջո, եթե հասարակությունը քեզ, միևնույն է, չի ներելու, արժե՞ նրան սիրաշահել՝ անվերապահ հավատարիմ մնալով նրա սահմանած օրենքներին (պատվախնդրություն)։ Արժանապատիվ մարդն ուրիշ ուղղորդող ունի. հենց ինքը՝ իր սահմանած օրենքներով։
Սովորողը առիթ չպիտի՞ ունենա՝ճշտելու-կոնկրետացնելու իր արժեքները։ Արժանապատիվ մարդուն դժվար թե որևէ հասարակություն կարողանա դրդել իր համար անընդունելի գործողության։

Փաստենք՝ «…անցյալի և ներկայի գրականագիտական չափանիշներով մեծ համարվող, գեղարվեստականության առումով առանցքային որակվող Թումանյանը», իրոք հանճարեղ է, որովհետև նրա ստեղծագործությունը ժամանակի մեջ չէ, որ ժամանակավրեպ լինի, որովհետև այդպիսի ստեղծագործությունը մեզ տանում է դեպի մեր՝ յուրաքանչյուրիս կյանքը, այսօրվա կյանքը, մեր աչքն է խոթում մեր իրական խնդիրները ու դրանց լուծման շուրջ մտածելու տեղիք տալիս։

Հեղինակ՝ Հասմիկ  Ղազարյան

Աղբյուրը՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.