Ճամբարային առօրյան բազմազան դարձնելու իմ և Հասմիկ Ղազարյանի փորձն այսօր բացօթյա ընթերցասրահն էր Մայր դպրոցի հարակից այգում: Յուրաքանչյուրիս ձեռքին մեր սիրելի գրողի գիրքն էր, իսկ մտքում՝ օրը հաճելի սկսելու ցանկությունը: Առավոտյան սառը օդը լցված էր թաց հողի բույրով, ծիտիկների երգով ու ծառերի սոսափյունով: Պոեզիան տեղավորեցինք կենտրոնում, շրջանաձև նստոտեցինք ու սկսեցինք. Թումանյան, Չարենց, Տերյան, Սևակ, Մեծարենց, Քուչակ: Պոեզիայի հոսքը մերթընդմերթ համեմվում էր երգով: Մի բուռ տիեզերք էր ընթերցավար Լիաննայի կատարած մի կտոր օրորոցայինն ու ծտերի ձայնակցությունները: Վերջում Շուշան Ազատյանը մեզ համար կատարեց մի հատված իր սևակյան թարգմանությունից: Շարունակելի…
Վահուհի Սիմոնյան