Բա զանգը ո՞վ կախ կանի

Երեկ մասնակից եղա մի գիտաժողովի, որի մասին արդեն կայքում լուսաբանվել է, ուստի չեմ անդրադառնա մանրամասներին: Գիտաժողովի ընթացքում առաջացած մտորումներս եմ ուզում կիսել: Առաջին բառը, որ մտքովս անցավ. սովետմիություն:
Հաճախ հնչող ու բոլորիս հուզող հարցադրում. ինչո՞ւ երկիրն էս վիճակից դուրս չի գալիս: Հեռու մի գնա, նայի՛ր հասարակության ներսը. ինչ մտածողություն ունի այն, ինչ արժեքների կրող է: Եթե հանրությունն ընդհանրապես ճգնաժամի մեջ է (հոգևոր, արժեքային, բարոյական, մտավոր, գաղափարական, որոնց արդյունքում ֆինանսատնտեսական) դրանից անմասն չի կարող մնալ դպրոցը, եկեղեցին, բանակը (հաճախ քննադատության ենթարկվող օղակներ) և երեկվա գիտաժողովը, որը մեկ անգամ ևս առիթ տվեց առնչվելու մեր հանրության մտավորականների հետ, տվյալ դեպքում գրադարանային գործի վարպետների: Գիտաժողովի թե՛ կազմակերպիչները, թե՛ զեկուցողները և թե՛ ունկնդիրները գիտեին գիտաժողովի ձևական լինելու մասին: Ամբիոնից հնչած զեկույցների մեծ մասը «պտիչկայի» համար էր, ունկնդիրներից մեծ մասի ներկայությունը՝ նույնպես: Զեկուցողների մեծ մասը Մանկավարժական համալսարանի դասախոսներ և ուսանողներ էին, ովքեր քիչ կապ ունեն գործող գրադարանների հետ և նրանց խոսքը գերազանցապես կառուցված էր իրենց պատկերացումներում ապրող և երբեք իրականության դաշտ չբերված գրադարանային ռազմավարության և արդիականացման խնդիրների շուրջ: Հատկապես չեմ հասկանում, երբ զեկուցողը ոչ թե նշումներ է արել թղթի վրա անդրադառնալիք թեմաների շուրջ, այլ ամբողջությամբ կարդում է թղթից՝ կորցնելով ունկնդրի հետ կենդանի շփման հնարավորությունը: Անհնար է լսել մեկին, ով ինքն էլ իրեն չի լսում․  պարզապես իր գործն է անում՝ կարդում է: Սովետական գիտաժողովի հոտ էր գալիս, սովետական բառերով ու մոտեցումներով: Անհատը չի կարող դատողություններ և առաջարկներ անել որևէ հարցի շուրջ, երբ ինքն իր ներսում փոփոխությունների և նորարարությունների պատրաստ չէ: Իսկ ինչ ունենք մենք այսօր. հինն իրեն վաղուց սպառել է, նորը դեռ չկա: Սայլը տեղից շարժելու ծրագրեր ինչքան ուզես. բակում նարդի խաղացողներից մինչև պառլամենտ սայլը տեղից շարժելու տարբեր հնարքներ են առաջարկում, բայց ռեալ աշխատուժ… Հեշտ բան չի ավանգարդիստ լիենլը: Չհասկացված, քննադատված, երբեմն նույնիսկ քարկոծված լինելուն դիմանալու համար քաջություն է պետք: Բա զանգը ո՞վ կախ կանի:
Զանգը կախ անողները քիչ են կամ ավելի ճիշտ կլինի ասել հատուկենտ, գոնե գրադարանային գործում այդպես է: Գաղտնիք չէ, որ մեր երկրում գործող գրադարնները դեռ աշխատում են սովետմիությունում գործող մոտեցումներով, այդ գրադարնները մասնագետներով ապահովող մանկավարժական համալսարանն ու մյուս բուհ-երը նույնպես՝ վկա երեկվա զեկույցներն ու զեկուցողները:
Հիմա ուզում եմ անդրադառնալ գիտաժողովի այն մասին, երբ հանդես եկան «Տիգրան Հայրապետյան» գրադարանի աշխատակիցները. աշխուժություն, հարցերի տարափ: Ինչո՞ւ, որովհետև բացառիկ տաղանդ է՞ին: Ոչ, պարզապես խոսում էին իրապես գործող գրադարանի աշխատակիցներ, ներկայացնում էին գործող գրադարանի իրական փորձ և ոչ մի ճոռոմ բառ, ոչ մի ապառնի անկատար ժամանակ: Վերջում թարգմանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լ. Ա. Բարսեղյանը նկատեց. «Հայաստանը փոքր է ձեզ համար»: Հարգելի պարոնայք գործեք, սխալվեք, առաջ քայլեք ու թող Հայաստանը ձեզ համար էլ մի քիչ փոքրանա: Թեև վստահ եմ, այդ դեպքում Հայաստանն այլևս նեղ չի լինի ոչ մեկիս համար: Այն աշխարհի կենտրոնը լինելու բոլոր պոտենցիալներն ունի:

Վանուհի Սիմոնյան

Աղբյուրը՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.