Թումանյանն ընթերցող: Հոդված

1_83_2

Ռաֆայել Իշխանյան
«Մեր ինքնության գլխավոր նշանը» գրքից  Ե.: Նաիրի,1991.-էջ 69-75

Քանի որ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը հայոց գրական մշակույթի գագաթն է, և նա մեր ամենաազգային գրողն է, ուրեմն, Թումանյանը նաև հայ ժողովրդի համար լավագույն գրքեր ստեղծողն է եղել, ու դա նրա գլխավոր առնչությունն է գրքի հետ։ Ւսկ գիրք գրելու համար պետք է լինում նաև գիրք կարդալ։ Եվ գրքի հետ Թումանյանի հաջորդ առնչությունը վերաբերում է Թումանյան ընթերողին։

Բանաստեղծ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում: Եվ մեկը, և մյուսը: Նա, ով ծնվում է բանաստեղծ, իսկական բանաստեղծ, ունենում է երկնային շնորհ, որը հետո բացահայտվում է, իր մեջ անդրադարձնում նաև այլոց տաղանդների արտահայտությունները, որոնք մարմնավորված են գրքերում։ Ւսկ նա, ով դառնում է բանաստեղծ, մեծ մասամբ գրքերի, այսինքն՝ այլոց գրածների օգնությամբ է դառնում։ Թումանյանը ծնվել էր բանաստեղծ. «Ճոխ պարգև եմ առել վերուստ», — գրել է նա իր մասին և ավելացրել. «Զարմանում եմ, թե՝ ո՜վ Շռայլ, ինչքան շատ ես ինձ տվել»։
Ոսկու հատիկները հանում են մեծ քանակով ոսկեբեր ավազ լվանալով։ Բայց հազվագյուտ դեպքերում գտնվում է մաքուր ոսկու մեծ կտոր: Այսպիսին է Թումանյանի ստեղծագործությունը: Եվ չնայած նրա ներշնչումները բնածին էին, իսկ ստեղծագործական ատաղձի հիմնական մասը անմիջականորեն կյանքից, ժողովրդից առնված, բայց և հայ գրականության մեջ նա աչքի է ընկնում նաև որպես մեծ ընթերցող, գրքի գրականության, մամուլի հետ սերտորեն առնչված, դրանց վրա նկատելի ազդեցություն թողած գործուն հեղինակ։ Ապա՝ հիշենք, որ Թումանյանը նաև հրապարակախոս էր, գրաքննադատ, գիտնական, իսկ այս բնագավառներում գործելու համար գրքի, մամուլի դերը էական է, հաճախ վճռական։
Թումանյանը Ներսիսյան դպրոցը թողեց չավարտած: Այդպես ուրիշ մեծ գրողներ էլ անավարտ են թողել իրենց ուսումը. հիշենք թեկուզ Մ. Լերմոնտովին, որ չավարտեց Մոսկվայի համալսարանը կամ Լ. Տոլստոյին, որ չավարտեց Կազանի համալսարանը։ Բայց Թումանյանի երկերը, թարգմանությունները, հոդվածները, աշխատությունները, նամակներն ընթերցելիս մեծապես զարգացած, բազմատեղյակ մարդու լայն մտահորիզոն ենք զգում։ Պարզ է, նա իր կրթությունը շարունակել է ընթերցանությամբ։
1914 թ. գրված «Շունը» պատմվածքում իր 12-13 տարեկան հասակի վերաբերյալ Թումանյանը հետևյալն է հիշում. «Վաղուցվա խոսք եմ ասում, մեր էն բարի ուսումնական ծանոթն էլ վաղուց մեռել է։ Նրանից հետո ես մեծացա, զանազան գրքեր կարդացի, նոր-նոր բաներ իմացա ու սովորեցի: Ու ինչքան սովորեցի, էնքան էլ տեսա, որ ես շատ ու շատ քիչ բան գիտեմ»։ «Նրանից հետոն» այստեղ նշանակում է 12-13 տարեկանից հետո, այսինքն՝ դրանից հետո բավական ժամանակ անց է «զանազան գրքեր կարդացել»։
Փաստերը ցույց են տալիս, որ Թումանյանը գործուն ընթերցող է դարձել 1880-ական թվականների վերջերում: Ահա թե նա ինքն ինչ է գրում այդ մասին «Մ. Նալբանդյանի հիշատակին» (1916 թ).հոդվածում. «Շատերը կհիշեն, թե ութսունական թվականներին ինչքան քիչ էր գիրքը Թիֆլիսում, և ինչ դժվարությամբ էր ընթերցանության գիրք ճարվում՝ թե հայերեն, թե ռուսերեն: Դժվար էր մանավանդ ինձ նման մի օտարական պատանու համար»:
1890-ական թվականներին Թումանյանն արդեն անհագ ընթերցող էր իր հերոսներից մեկի մասին այդ թվականներին նա գրել է այսպես. «Գլխի վերևը տխուր պատկերներ, Գրքեր ու գրքեր իր շուրջը բոլոր»։ Կարծես իրեն է նկատի ունեցել: Իսկ քիչ ավելի ուշ (1901 թ.) գրած «Պոետն ու Մուսայի» մեջ իր մասին այսպես է արտահայտվել.«Իսկ ես, ախ ես, Միշտ խենթ էսպես, Գիշեր-ցերեկ թերթում գրքեր…»։
Ամեն մի գրողի կյանքում էլ գիրքը դեր կատարում է։ Բայց եղել են մեծ գրողներ, որոնք միաժամանակ, եթե կարելի է ասել, գրքի սպասարկում էին։ Խոսքը վերաբերում է գրող գրադարանավարներին: Հայտնի է, որ մի շարք խոշոր գրողներ, ինչպիսիք են, ասենք, գերմանացի Լեսինգը, ռուս Կռիլովը, հայ Շիրվանզադեն գրադարանային աշխատողներ են եղել։ Բայց բնավ հայտնի չէ, որ Հովհաննես Թումանյանը նույնպես իր կյանքից շատ ժամանակ է տրամադրել հենց միայն գրադարանին ։ ճիշտ է, Թումանյանը աշխատել է ոչ թե պետական կամ որևէ ընկերության, այլ իր սփական գրադարանում։ Իսկ դա այն ժամանակների համար խոշոր գրադարան էր՝ իր ավելի քան 8000 կտոր գրքերով։ Թումանյանն, ինքն է ընտրել և գնել այդ ամբողջ գրականությունը դասավորել այն ըստ բովանդակության, քարտագրել, ընթերցանության համար գրքեր տվել ծանոթներին, մի խոսքով, եղել է իր գրադարնի աշխատողը։
Նա իր գրադարանն անվանում էր համալսարան՝ այնքան բազմաբովանդակ էր այն, հարուստ հայ ժողովրդի, աշխարհի այլ ժողովուրդների կյանքին, պատմությանը, իմաստասիրությանը, արվեստին նվիրված գրքերով, գեղարվեստական և բանահյուսական գրականությամբ։ Եվ, իհարկե, այդ ճոխ գրադարանի առաջին և գլխավոր ընթերցողն ինքը Թումանյանն էր։ Նրա գրադարանի բազմաթիվ գրքերի մեջ Թուման֊յանի ձեռքով արված նշումներ կան, որոնք ցույց են տալիս, թե ինչ գործուն ընթերցող է եղել մեր մեծ բանաստեղծը։ Նա իր ծով գիտելիքները ձեռք է բերել իր սեփական համալսարանում, այսինքն՝ գրադարանում։
Համառոտակի հիշենք նաև, թե իր հրապարակախոսական ու գրաքննադատական գործունեության ընթացքում ինչ առիթներով է բանաստեղծը խոսել, եթե կարելի է այսպես ասել, գրքային հարցերի վերաբերյալ կամ ինչպիսիք են եղել Թումանյանի մատենագիտական բնույթի մտածումներն ու գործունեությունը։
Նախ հիշենք, որ Թումանյանը գրահրատարակչական հոգսեր է ունեցել։ Հայտնի է նաև նրա առնչությունները Կովկասյան հայոց հրատարակչական ընկերության հետ։ Թումանյանը դեռ պատանեկան հասակում աշխատել է այդտեղ։ Ապա՝ մի քանի առիթով խորհուրդներ է տվել այդ ընկերությանը նրա գործունեության վերաբերյալ՝ հայության համար ինչ է անհրաժեշտ հրատարակել, ինչպիսին պիտի լինեն հայերեն թարգմանված երկերը, նրանց լեզուն և այլն։ Ուրիշ առիթներով դրել է կովկասյան հանրագիտարան կազմելու և հրատարակելու, եվրոպական մակարդակով լիակատար հայոց պատմություն ստեղծելու, հայերեն գրական ամսագիր ստեղծելու հարցերի վերաբերյալ։
Թումանյանը մի քանի հոդվածով հանդես է եկել հայ տպագրության 400-ամյա հոբելյանը նշելու կապակցությամբ։ Նա փորձել է այդ հոբելյանն օգտագործել որոշ օգտակար ձեռնարկումներ անելու համար: 1911 թ., երբ հոբելյանը տոնելու նախապատրաստություններ էին կատարվում, Թումանյանը գրում էր. «Եվ ահա առաջներս է այդ մեծ կուլտուրական տոնը՝ ընդհանուր հայոց գրականության տոնը, մեծ հիշատակների, հոյակապ գործերի, փառավոր անունների տոնը: Տոնը այն ամեն նվիրականի ու վսեմի՝ ինչ որ կարողացել է տալ և տվել է հայ ազգը։ Եվ անկասկած շատ խոսք կլինի այդ տոնի նշանակության ու հայոց գրականության վրա. բայց չորս հարյուր տարուց հետո հայոց տպագրությունը, հայոց գրականությունը ինչ խնդիրներ, ինչ հոգսեր է հանում մեր առաջ»։
Թումանյանը գրքի գիտակ էր, մատենագետ: Որպես նրա մատենագիտական աշխատանքի մի օրինակ կարելի է բերել թեկուզ «Ոչ գրական ոչնչությունները քննադատ» հայտնի հոդվածում (1909 թ.) նշված գրականության ցանկը, որը վերաբերում է բանաստեղծի միայն «Ծիտը» և «Չախ-չախ թագավոր» հեքիաթների բանահյուսական աղբյուր-տարբերակներին։
Գրախոսականներն էլ մատենագիտության մի տեսակ են։ Թումանյանը, ինչպես գիտենք, բավական շատ գրախոսություններ է գրել, մեծ մասամբ հանգամանալից։ Հիշենք մի քանի կարևորները՝ երկու գրախոսություն «Համլետի» երկու թարգմանությունների (Հ. Մասեհյանի և Գ. Բաբազյանի), Ն. Մառի «Հայ-վրացական բանահյուսության բնագրերի և ուսումնասիրությունների», Հ. Աճառյանի «Գավառական բառարանի», Պ. Մոճոռյանի «Բանաստեղծություններ» գրքի մասին և այլն: Բոլոր դեպքերում Թումանյանը լավ, պետքական հրատարակությունը հստակորեն տարբերել է անհաջողից և ըստ իր սկզբունքի՝ լավը գնահատելուց հետո թերություններ է նշել, իսկ վատը մերժել գլխովին (օրինակ, Պ. Մոճոռյանի գիրքը): Թումանյանի բոլոր գրախոսականներում այսօր մենք զգում ենք գրքի խոշոր գիտակին ու ընթերցողին։
Թումանյանը լինելով հայկական դպրոցի լավագույն դասագրքեր կազմողներից, մամուլում հաճախ ելույթ է ունեցել նաև դասագրքերի կազմման, իր երկերը դասագրքերում աղավաղելու, այլ կարգի թերությունների հարցերով։
Մի քանի անգամ բանաստեղծն անդրադարձել է հայ մամուլի խնդիրներին՝ և դարձյալ սկզբունքային դիրքից՝ հրապարակվող վատ ելույթների դեմ անզիջում։ Երբ մարդը տպագիր խոսքն օգտագործում է անձնական կամ խմբակային շահի միտումով կամ երբ մամուլը դառնում է մարդու ներքին չարությունը, չկամությունը դրսևորելու միջոց և կամ երբ մեկը մամուլում որպես գիտուն արտահայտվելով տարրական հարցերի վերաբերյալ չգիտություն է ցուցաբերում, տպագիր խոսքը, իրոք որ, դառնում է չարիք։ Ահա Թումանյանը Ջ. Ռյոսկինի և Լ. Տոլստոյի նման նաև այսպիսի ընդհանրացում է արել. «Տպագրական խոսքը դարձել է մի չարիք, ապականում է ուղեղները և զգացմունքները կամ, ավելի ճիշտ՝ ապականված ուղեղներն ու զգացմունքները խոսում են տպագրական խոսքի միջոցով»։
Ինչպես տեսնում ենք, բանաստեղծը տպագիր խոսքի՝ մամուլի, գրքի կույր ջատագով չի եղել։ Իրոք, տպագրությունը մարդկության մեծագույն գյուտերից է, բայց տպագրության միջոցով լավի հետ բազմացվում և տարածվում է նաև վատն ու վնասակարը և՝ ավելի մեծ քանակով, քան տպագրության գյուտից առաջ։ Գիրքը, մամուլը արժեք ունեն, բանաստեղծի կարծիքով, այնքանով և այն դեպքում, երբ բարին ու պետքականն են ամփոփում իրենց մեջ։ Ավելին, լավ գրքի գաղափարը պետք է դուրս գա գրքից, կյանքում իր դերը կատարի, փոխի մարդկանց դեպի բարին և ոչ թե մնա գրքի մեջ։ Ւր մի բանաստեղծության մեջ Թումանյանը գրում է. «Քրիստոս հարյավ, երկինք գնաց, Երկրում թողեց պատվերներ: Բայց պատվերը գրքում մնաց, Եվ աշխարհը հեծում է դեռ»: Ուզում է ասել, որ մարդիկ բարի պատվերները գրքում կարդում են, բայց չեն փոխվում, պատվերը գրքում է մնում։ Թումանյանը գրքի, տպագիր խոսքի բարի ներգործության, բարի արդյունքի գաղափարախոսն էր։
Բանաստեղծը քննադատել է նաև սեփական ժողովրդին՝ հաճախ լավ գիրքը վատից տարբերել չկարողանալու համար։ Օրինակ. «Գրականական մազանդա» բանաստեղծության մեջ ծաղրում է Երազագրքի նման անիմաստ հրատարակությունը արժեքավոր գրքերից գերադասելու տարածված ճաշակը: Կես կատակ նա գրում է. «Եվ գրքերից՝ միշտ հայ ազգը Երազագիրքն է շատ հարգում» ու հետո շարունակում.
Ա՜խ, եթե մենք գեթ մի-մի հատ
Երազագիրք հորինենք,
Այնուհետև գրչով ապրող
Կարգին գրող կըլինենք:
Էլ չենք ծախիլ մեր գրքերը
Ութսունհինգ տոկոսով,
Կոպեկ-կոպեկ առնել փողը,
Այն էլ՝ կանխիկ միայն կիսով։
Թումանյանը լավ գիտեր մեսրոպյան գրի ու գրքի դերը հայության ազգապահպանման գործում: Նա, միաժամանակ, հայ գրի գործադրումը՝ հայերեն գրքի հրապարակումն ու ընթերցումը հայության կյանքի, գոյատևման կարևոր նշանն էր համարում: «Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց» բանաստեղծության մեջ (1913 թ.) կարդում ենք.
Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
Երկար դարերով, ահեղ հարվածով,
Թեպետև Էսպես ցրեց, տարածեց,
Ձըգեց հոգեհող, փըռեց ծովեծով,
Վկա է սակայն բովանդակ երկիր,
Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,
Եվ ուր հասնում է հայի դիրքն ու գիր —
Կենդանի է դեռ հայության ոգին:
Ապա շարունակության մեջ Սահակին ու Մեսրոպին անվանելով «Հոյակապ սյուներ հայության ոգու» բանաստեղծությունն ավարտում է այսպես.
Եվ թող իմանա բովանդակ երկիր —
Ապրում է անմեռ հայությունը հին,
Ապրում են անմահ իրեն գիրքն ու գիր:
Թումանյանի՝ իբրև անդադրում ընթերցողի, գրքեր ուսումնասիրողի մասին դժվար չէ գաղափար կազմել նաև նրա գրականագիտական, լեզվաբանական, պատմական բնույթի հոդվածներից՝ կատարած թարգմանություններից։ Սայաթ Նովայի ու Նաղաշ Հովնաթանի, Նարեկացու և Քուչակի, Աբովյանի ու Աղայանի, Շեքսպիրի և Uերվանտեսի, Պուշկինի ու Լերմոնտովի, Տոլստոյի և Բրյուսովի, Րաֆֆու ու Ծերենցի, Նալբանդյանի և Տերյանի, Արևելքի բանաստեղծների և ուրիշ շատ դասականների մասին Թումանյանի գրավոր ու բանավոր ելույթները, տարբեր առիթներով արած բազմաթիվ դիտողությունները, Արևմուտքի և Արևելքի ամենատարբեր հեղիակներից նրա կատարած թարգմանությունները, նրա լեզվաբանական, պատմական, թատերական մտածումներն այսօր մեզ ներկայացնում են հայոց ամենաժողովրդական բանաստեղծի գրքային մեծ աշխարհը։
Այսպես,Թումանյանն իր բանաստեղծական «վերուստ ասած շնորհի» հետ ունեցել է նաև ընթերցողի շնորհ: Մեծ բանաստեղծ լինելու հետ եղել է մեծ ընթերցող:
Թումանյան բանաստեղծն ու արձակագիրն այսօր անբաժան է ամեն մի հայագիր ու հայախոս մարդուց: Թումանյանի երկերն ամենից ավելի են մեր ձեռքի, մեր սեղանի գրքերը, նաև մեր մանուկների, աշակերտների գրքերը։ Ւսկ եթե ինչ-որ չափով այդպես չէ, ապա պետք է ջանքեր թափել որ այդպես լինի, քանի որ երևի հայ գրողներից Թումանյանն է այսօր ամենից ավելի մեզ սովորեցնում սեր, գութ, բարություն, հանդուրժողականություն։ Սրա հետ միասին, Թումանյանից է, որ մենք կանոնավոր, համակարգված ու նպատակասլաց ընթերցող լինելու օրինակ կարող ենք վերցնել։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.