«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր /http://mskh.am/
Քոլեջ, արհեստների ավագ դպրոց / http://qolej.mskh.am/
Դիպլոմային Աշխատանք
«Գրադարանային գործ» մասնագիտություն
Թեմա`
«Գրադարանային միջավայրը ընթերցանության կազմակերպման ու խրախուսման միջոց»
Ղեկավար` Մարի Գաբանյան
Ընթերցավար` Անժելիկա Մանուկյան
Երևան
2015թ.
Բովանդակություն
Առաջաբան ………………………………………………………
Գրադարան հասկացությունը …………………………………
Գրադարանավար ………………………………………………
Գրադարանը որպես կրթական, մշակութային և տեղեկատվական միջավայր …………………………….
Նախագծեր գրադարաններում ……………………………….
Գիտելիք և զբաղմունք՝ գրադարանային միջավայրում ……
Համագործակցություններ …………………………………….
Իմ գործունեությունից՝ որպես ընթերցավար……………….
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը ……………………………………………………
Եզրակացություն ……………………………………………….
Առաջաբան
Իմ դիպլոմային նախագծի թեման է. «Գրադարանային միջավայրը ընթերցանության կազմակերպման ու խրախուսման միջոց»:
Սույն դիպլոմային աշխատանքով կփորձեմ ներկայացնել գրադարանների դերի ու նշանակության կարևորությունը, որն անմիջականորեն պայմանավորված է գրադարանային միջավայրով, ինչը կանխատեսում է ֆիզիկական և մեդիա միջոցներով բարենպաստ պայմանների ստեղծումը՝ ընթերցանության կազմակերպման ու խրախուսման համար՝ բոլոր տարիքի սովորողների, դասավանդողների և ցանկացած ընթերցասեր մարդու համար:
Գրադարանային բարենպաստ միջավայրը խթանում է սովորողի, գրադարանից օգտվող անհատի ստեղծագործական-հետազոտական աշխատանքների իրականացմանը, գիտելիքների աճին, ինքնակրթությանը, բազմակողմանի զարգացմանը, ունեցած գիտելիքների պաշարն ավելացնելուն, անհրաժեշտ տեղեկատվությունն առավել արդյունավետ ստանալուն, դասերի ընթացքում ստացած գիտելիքները և առարկայական տեղեկատվությունը համալրելուն:
Գրադարաններում են դարերի ընթացքում գրքերի միջոցով պահպանվել տեղեկություններ, պատմական իրադարձություններ, մշակութային, բժշկական, գիտական, գիտատեխնիկական, ակադեմիական, գեղարվեստական, ուսումնական, ռազմական, մանկական, դպրոցական, անձնական (ընտանեկան) գրառումներ, փաստաթղթեր, որոնք հին դարերում լայն մասսայականություն չեն վայելել, հասանելի են եղել հատուկ ուսումնասիրողների, երբեմն էլ որոշակի թույլտվությամբ, ինչը չի կարելի ասել այսօրվա մասին: Ներկայիս և՛ ֆիզիկական, և՛ մեդիա գրադարանները հասանելի են բոլոր մարդկանց համար:
Գրադարանը ստեղծվել է մարդու կողմից և նախատեսված է մարդու համար: Գրադարանների միջոցով է իրականացվում մշակութային արժեքների պահպանման գործընթացը: Պատմա-մշակութային զարգացման ընթացքում գրադարանը չի կորցրել իր ստեղծագործական դերը, ավելին, այն շարունակում է զարգանալ հասարակության նոր սոցիալ-մշակութային մոտեցումներին և պահանջներին համապատասխան:
«Գրադարան գոյություն ունի այնտեղ, որտեղ իրականացվում է կրթություն» վերնագրով հոդվածում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանը նշում է. « Այսօր՝ տեղեկատվական մեր դարում, գրադարանների կողմից կազմակերպվող տեղեկատվական, մշակութային, կրթական և գիտական գործունեության հիմնական նպատակը պետք է լինի գրադարանային հավաքածուների, մասնագետների ու նյութատեխնիկական բազայի միջոցով նպաստել մարդու` տեղեկատվություն ստանալու և ազատորեն արտահայտվելու իրավունքի իրականացմանը: Տեղեկատվական միջոցների հեղափոխության մեր ժամանակներում գրադարաններն այլևս սոսկ «գրքերի դարաններ» չեն, այլ «տեղեկատվության»։
Այդ տեսանկյունից մասնավորապես դպրոցական գրադարանները պետք է կարողանան դառնալ ավելի ընդարձակ՝ գլոբալ տեղեկատվական և գրադարանային ցանցերի մի օղակը, ոչ միայն դուռ՝ դեպի բազմազան ու բազմաբնույթ տեղեկատվության աշխարհ, այլ նաև ուղեցույց այդ աշխարհում չմոլորվելու համար»:
Եվ սա հնարավոր է ապահովել գրադարանային համապատասխան բարենպաստ միջավայր ստեղծելով, կատարելագործելով:
Գրադարան հասկացությունը
Գրադարան անվանումը ծագել է հունարեն biblion — գիրք և theke — գրապահոց հասկացություններից և բառացի նշանակում է bibliotheke -գրապահոց:
Գրադարաններն ընդհանրապես, լայն իմաստով, կենսամշակութային, ուսումնական, տեղեկատվական վայրեր են, որոնք նպաստում են տեղեկատվության, գիտելիքների ձեռք բերմանը՝ գրքային և տեխնոլոգիական միջոցներով: Գրադարանը մի համակարգ է, որը կարևոր դեր և նշանակություն ունի կրթության և հասարակական կյանքի բազմակողմանի զարգացման գործում:
Դպրոցական գրադարանները նույն ֆունկցիան են կատարում, ավելացրած նաև հեղինակային ծրագրերի և բազմազան ուսումնական-հետազոտական նախագծերի իրականացումը՝ դասավանդողների և սովորողների կողմից: Դպրոցում գրադարանը հանդիսանում է բազմատարողունակ հիմնարար աղբյուր՝ հատկապես սովորողների համար:
Գրադարաններում համապատասխան միջավայր են հանդիսանում լուսավոր ընթերցասրահները, թաղարներով բույսերի առկայությունը, լուսամուտներից բնության տեսարանները, գրքերի ազատ դասավորությունը, տեխնիկայի միջոցներից օգտվելու համար համապատասխան և հարմարավետ կահույքի առկայությունը, և, իհարկե, գրագետ գրադարանավարի անմիջական և պատրաստակամ օգնությունը: Գրադարանային նման միջավայրը նպատակաուղղված է նպաստել ընթերցողների կողմից գրադարաններից օգտվելու մշակույթի զարգացմանը:
Ըստ գրադարանների և գրադարանային գործի մասին Հայաստանի հանրապետության օրենքի, գրադարանի պարտադիր գործառույթներն են.
- Գրադարանը իրականացնում է հետեւյալ գործառույթները.
1) հավաքում, կազմակերպում, պահպանում եւ օգտագործման է տրամադրում գրադարանային փաստաթղթերը, դրանց վերաբերյալ եւ այլ բնույթի տեղեկույթ.
2) ցուցակագրում, դասակարգում եւ կազմում է գրադարանի հավաքածուի գրացուցակը եւ մատենագիտությունը.
3) ապահովում է գրադարանի հավաքածուի եւ տեղեկատվական համակարգերի մատչելիությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
4) ապահովում է գրադարանից օգտվողների համար որակյալ ծառայությունների մատուցումը.
5) նպաստում է կրթությանը, խթանում է ընթերցանությանը, ինքնակրթությանը եւ քաղաքացիների սոցիալական հաղորդակցման գործընթացներին.
6) տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթ` Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակի համար.
7) ապահովում է գրադարանային հավաքածուում գտնվող գրավոր հուշարձանների պահպանումը եւ վերականգնումը.
8) ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ: /Հոդված 7./
Գրադարանավար
Գրադարանավարները հավաքագրողներն են, գրքերի ֆոնդը պահպանողներ և համալրողներ, , տարբեր ժամանակաշրջաններում նաև փաստաթղթեր վերականգնողներ, գրացուցակ կազմողներ, ներկայումս՝ թվային տարբերակով, մեդիատեխնիկայի միջոցների հնարավորություններով տրված ծրագրերի օգտագործմամբ, ինչը նպաստում է գրադարանավարի առավել արագ և արդյունավետ գործունեությանը: Գրադարանավարները նաև համապատասխան միջավայրի ստեղծողներ և պահպանողներ են:
Գրադարանավարը, տիրապետելով գրադարանային գործի հմտություններին, հստակ ուղղորդում է ընթերցողին կողմնորոշվելու և համապատասխան ընտրություն կատարելու ներկա իրականության ահռելի տեղեկատվական դաշտում: Գրքային տարբերակն առավել հստակ է, կոնկրետ, ավելի հեշտ է ընտրել, ընթերցել, բայց մեդիատեխնիկայի միջոցներից օգտվելու մշակույթը ձևավորվում է գրադարանավարի անմիջական օգնությամբ, ուսուցմամբ, քանի որ սովորողի համար, հատկապես կրտսեր տարիքի, բավականին դժվար է իրարից տարբերել տեղեկատվությունն ու գիտելիքը:
Մեդիատեխնիկան իր հնարավորություններով նպաստում է արագ գտնել ցանկացած տեղեկատվություն կամ գիրք, բայց ֆիզիկական գրքի առկայության պարագայում ընթերցողն ինքն է ընտրում՝ ո՛ր տարբերակից օգտվել:
Գրադարանավարի օգնությամբ ընթերցողները, հատկապես կրտսեր տարիքի, ծանոթանում են գրքերի որոնման եղանակներին, տեխնիկայի միջոցների ծրագրերի յուրացմանը, որոնց միջոցով կարող են մուտքագրել տեքստեր, այնուհետև դրանք մեկ ծրագրից փոխանցել մեկ այլ ծրագրի, տեղադրել համացանցում, հմտանում են տեքստերի, գրքերի, փաստաթղթերի, նկարների թվայնացման գործում, ձեռք են բերում համացանցից առավել արդյունավետ օգտվելու մշակույթ, հմտանում թվային գրքերի ստեղծման գործում:
Մեդիագրադարանում տեղադրվում են թվային գրքեր, գրադարանավարը նաև թվայնացնում է ընթերցողների պատվիրած գրքերը՝ պահպանելով հեղինակային իրավունքները:
Գրադարանը որպես կրթական, մշակութային և տեղեկատվական միջավայր
Գրադարանները, լինելով բազմատարողունակ մշակութային, տեղեկատվական և ուսումնական կենտրոններ, արհամարված և երկրորդական օղակի չվերածվելու համար մշտապես համալրվում են թե՛ գրքային միջոցներով, թե՛ մեդիատեխնիկայի բոլոր հնարավոր նորություններով, դրանց ընձեռած հնարավորություններով, որոնք հասանելի են ընթերցողների, դասավանդողների, սովորողների համար՝ իրենց գիտելիքների պաշարն ավելացնելու, ինքնակրթության, անհրաժեշտ տեղեկատվությունն առավել արդյունավետ ստանալու, դասերի ընթացքում ստացած գիտելիքները և առարկայական տեղեկատվությունը համալրելու համար:
Գրադարաններում համապատասխան միջավայր է համարվում գրքերի դասավորությունն ըստ թեմատիկայի, որը հեշտացնում է ոչ միայն ընթերցավարի, այլ նաև օգտվողի փնտրտուքը, տեղում գիրք կարդալու համար հարմարավետ անկյունների ստեղծումը, ոչ միայն կահույքի առկայությամբ, այլ հարմարավետ միջոցներով, ինչպիսիք կարող են լինել գորգերը, բարձիկները, կրտսեր տարիքի սովորողների համար հեքիաթային անկյունի առկայությունը:
Գրադարաններն ունեն իրենց մեդիակայքերը, որի վառ օրինակն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ակտիվ գործող «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, որտեղ ներկայացված են
- Գրադարանի կառուցվածքը
- Գործառույթները
- Սիստեմատիկ կատալոգ՝ առկա բազմաժանր գրականության մասին
- Նոր գրքերի մասին տեղեկատվություն
- Նյութերի թվայնացման մասին տեղեկատվություն
- Պաշարների կատալոգ
- Բոլոր դասարանների դասագրքեր
- Այլընտրանքային դասագրքեր
- Թվային գրքեր
- Ֆիլմադարան
- Ձայնադարան
Գրադարանների արդիականացում, գրքային և թվային տարբերակներ, լիարժեք տեքստային և թվային ռեսուրսներ
Գրադարանների արդիականացումը ոչ միայն գրքերի ֆոնդի և տեխնիկայի միջոցների համալրումն է, այլ նաև մեդիամիջոցների ծրագրերի համալրումն ու դրանց տիրապետումը, որոնց միջոցով առավել արդյունավետ թվայնացվում են գրքեր, տեքստեր, ստեղծվում թվային գրքեր, ձայնային և տեսաֆիլմային գրքեր, և այս ամենը հնարավորություն է ստեղծում նույն ստեղծագործությանը ծանոթանալ տարբեր տարբերակներով՝ ըստ ընթերցողի ընտրության: Մեդիափաթեթների ստեղծումը նպաստում է առավել արդյունավետ, հեշտությամբ գտնել որևէ հեղինակի կոնկրետ ստեղծագործությունը:
Գրադարանը միշտ նոր գաղափարների՝ բոլոր հնարավոր մոտեցումների, հետաքրքիր և ստեղծական մտահղացումների փնտրտուքի մեջ է, ինչը իրականացվում է և՛ գրադարանավարի, և՛ գրադարանային ծառայություններից օգտվողների կողմից:
Նախագծեր գրադարաններում
Գրադարաններում իրականացվում են տարաբնույթ կրթամշակութային միջոցառումներ, բազմաբովանդակ նախագծեր, հանդիպումներ տարբեր բնագավառների ստեղծագործող մարդկանց հետ, բազմաբնույթ մասնագետների հետ, նաև պաշտոնյաների հետ: Նման նախագծերի նպատակը զրույցների, հարց ու պատասխանի միջոցով ոչ միայն ծանոթությունն է տվյալ անհատի անձնական և ստեղծագործական կյանքին, ստեղծագործություններին կամ մտորումներին, այլ նաև տվյալ մարդու մասնագիտության, մասնագիտական գաղտնիքների մասին պատկերացում կազմելը:
Հանդիպումները տարբեր գրադարանների գրադարանավարների, դպրոցների, համալսարանների, քոլեջների դասավանդողների և սովորողների, պետական և հասարակական մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բացի միմյանց ճանաչելուց, ապահովում են փորձի փոխանակություն:
Գրադարանի նախագծային միջոցառումներից են. ցուցահանդեսներ, հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ, պոեզիայի ժամեր, ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ, բանավեճեր, բուկլետների հրատարակում և տարածում, համագործակցություն ԶԼՄ-ների հետ, համացանցում հայտարարությունների տեղադրում, գրադարանավարների վերապատրաստում, փորձի փոխանցում և փոխանակում, գրադարանի աշխատանքի և սպասարկման վերաբերյալ հարցումների անցկացում, գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ, գրքերի նվիրատվություններ ինչպես գրադարանում իրականացվող միջոցառումների, այնպես էլ ուսումնական ճամփորդությունների ընթացքում և այլն:
Դպրոցական գրադարաններում բացի ընթերցավարից նախագծեր են իրականացնում ընթերցողները՝ սովորողներն ու դասավանդողները: Դպրոցական գրադարաններում միջոցառումները, նախագծերը կարող են կապված լինել առարկայական ուսուցման որևէ թեմայի հետ:
Նախագծերի ներկայացման, ամփոփման, հանդիպումների ընթացքում հրավիրվում են հյուրեր, եթե նախագիծը դպրոցական որևէ առարկայական ուղղվածություն ունի, հրավիրվում են տվյալ տարիքի սովորողներ՝ մյուս դպրոցներից:
Գիտելիքի համալրում և զբաղմունք՝ գրադարանային միջավայրում
Գիտելիքը, բանիմացությունը որպես բարձրագույն արժեք ձեռք է բերվում գրքերի բազմաբովանդակ աշխարհի հետ ծանոթանալով, ինչի ապահովողներից է ժամանակակից գրադարանն իր բոլոր գործառույթներով, միջոցներով, նպաստավոր միջավայրով:
Գրադարաններում սպասարկման ավանդական և տեխնոլոգիական միջոցները նպաստում են համագործակցական կապերի ընդլայնմանը, միջմշակութային հաղորդակցություններին, հումանիտար զարգացմանը:
Հասարակական կյանքում կատարված փոփոխությունները չէին կարող իրենց անդրադարձը չունենալ գրադարանների գործունեության վրա: Իրականությունն այսօր այնքան էլ բարենպաստ չի գրադարանների համար: Կրճատվել է պետական ֆինանսավորումը, նվազել է համալրման հնարավորությունը:
Այս ամենին զուգահեռ փոխվել են ընթերցողների պահանջները, առաջացել է նոր տեսակի ծառայությունների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտություն: Շատ մարդիկ մեկուսանում են՝ օգտվելով միայն տեխնոլոգիական միջոցներից: Իսկ գրադարանը ամեն ինչի հետ միասին նաև հնարավորություն է տալիս ընթերցողների անմիջական շփմանը, գրքերի կամ այլ հարցերի քննարկմանը, կարելի է ասել գրադարանը նաև ընթերցողների համար հաղորդակցման, շփման միջավայր է:
Գրադարանը հանդիսանում է համապատասխան կազմակերպչական ստեղծարար կենտրոն՝ գրադարան-ակումբ, գրադարան-թանգարան, գրադարան-ընթերցասրահ, գրադարան-դասարան՝ մասնավորապես բաց-դասերի համար:
Համագործակցություններ
Գրադարանների գործունեության կարևորագույն նախապայման է հանդիսանում համագործակցությունը ԶԼՄ-ների հետ, որը չպետք է սահմանափակվի միայն կազմակերպված նախագծերի, միջոցառումների լուսաբանմամբ, այլ հենց գրադարանային բարենպաստ միջավայրի ներկայացմամբ հանրությանը: Դրա համար գրադարանը մշակում է և ԶԼՄ-ների միջոցով ներկայացնում որոշակի ժամանակահատվածի կտրվածքով ծրագրեր՝ նախագծերի, միջոցառումների, շնորհանդեսների, ցուցահանդեսների, համագործակցությունների, ուսումնահետազոտական ճամփորդությունների մասին, որոնք նախատեսվում են իրագործել և որոնք գործունեության ընթացքում կարող են համալրվել:
Գրադարանային կադրերի պատրաստմանը նպաստում են ոչ միայն կրթությունն ու մասնագիտական գիտելիքների վերապատրաստումները, ինչը ապահովում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, այլ նաև փորձի փոխանակումը տարբեր տարիք և աշխատանքային փորձ ունեցող անձանց միջև, համագործակցությունը տարբեր կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում աշխատող նմանատիպ մասնագետների հետ:
Կրթահամալիրի գրադարանը համագործակցում է տարբեր գրադարանների հետ, որոնցից են.
- Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան
- Ավետիք Իսահակայնի անվան կենտրոնական գրադարան
- Հայաստանի ազգային գրադարան
Իմ գործունեությունից՝ որպես ընթերցավար
Որպես ընթերցավար իմ գործունեության ամենօրյա գործառույթներն են.
- Ընթերցասրահի գրքերի սպասարկում, գրանցում
- Սովորողների հետ ընթերցանության կազմակերպում
- Սովորողների հետ մեդիագրադարանից և համացանցից առավել արդյունավետ օգտվելու մշակույթի ձևավորում
- Նեթբուքերի սպասարկում, սպասարկման գրանցում
- Նեթբուքերի լիցքավորում
- Դասավանդողների հետ համագործակցություն, կրթահամալիրի տոնացույցով նախագծերի իրականացում, բաց դասերի, ճամփորդությունների, հանդիպումների, անձնական նախաձեռնությունների իրականացում, լուսաբանում
- Որոշ նախագծեր իրականացնելիս էլեկտրոնային հասցեներով սովորողներին նյութերի հետ ծանոթացում
- Մեդիափաթեթների ստեղծում
- Թվային գրքերի ստեղծում
- Կրթահամալիրի կայքում և ենթակայքերում տեղադրված նյութերի, սովորողների ու դասավանդողների բլոգների ընթերցում, որոշ նյութերի ներկայացում կայքում
- Գրքերի, դասագրքերի սպասարկում, սպասարկման գրանցում
- Մեդիագրադարանի, կենտրոնական գրադարանի, կրթահամալիրի մյուս դպրոցների ընթերցասրահների հետ համագործակցություն
- Բույսերի խնամք
- Թղթի թափոնի հավաքում
- Հաշվետվություն
Պարբերաբար գեղարվեստի ավագ դպրոցի ենթակայքում իմ նախաձեռնությամբ ներկայացրել եմ ընթերցանության նյութեր՝ «Ինչ ընթերցել այսօր» վերնագրով:
Իմ բլոգում առկա է «Ընթերցարան» բաժինը, որտեղ ներկայացված են հաշվետվություններ, ընթերցանության նյութեր, նախագծերի մասին տեղեկատվություն, լուսաբանում:
Կրթահամալիրում իրականացվող նախագծերը, ծրագրերն ու նախաձեռնությունները, կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոցում համապատասխան միջավայրով ձևավորված ընթերցասրահները նպաստում են սովորողների կրթությանը, ինքնակրթությանը, անհատի ձևավորմանը հասարակության մեջ, ինքնուրույն մտածողության զարգացմանը, սովորողների անհատական նախաձեռնությունների իրականացմանը, ուսումնական ճամփորդությունների շնորհիվ Հայաստանի ճանաչմանը, բնության հանդեպ սիրուն, հայկական, մասնավորապես Կոմիտասի երաժշտության, պարի, գրականության, արվեստի յուրացմանն ու տարածմանը:
Եւ այս ամենն իրականացվում է ստեղծարար գործունեության համար ստեղծված պայմաններում, ինչի համար շնորհակալություն կրթահամալիրի տնօրեն, տիար Աշոտ Բլեյանին :
«Տիգրան Հայրապետյան» գրադարանն ու մեդիագրադարանը որպես կրթամշակութային կենտրոն
ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը գործում է 1989թ.-ից: Գրադարանը կրթահամալիրի մասնաճյուղ է, որը, համաձայն կրթահամալիրի կանոնադրության, լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործում են ուսումնական հաստատություններ, որոնք իրականացնում են նախադպրոցական, հանրակրթական, արհեստագործական նախամասնագիտական, միջին մասնագիտական, արտադպրոցական կրթական ծրագրեր:
ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կենտրոնացված գրադարանն սպասարկում է կրթահամալիրի շուրջ 2500 սովորողներին, ուսանողներին և աշխատողներին, ինչպես նաև Երևանյան համայնքների դպրոցներին և բնակիչներին: Գրադարանի կազմում գործում են 7 ընթերցասրահները:
Գրադարանն անընդհատ ձեռք է բերում նոր նյութեր` գրքեր, ամսագրեր, թերթեր, սկավառակներ, քարտեզներ, ձայնագրություններ և ուսումնական այլ նյութեր, մշակում է դրանք և սպասարկում ընթերցողներին:
Գրադարանի ֆոնդը հարստանում է նաև նվիրատվությունների շնորհիվ:
Գրադարանը աշխատում է շաբաթվա բոլոր օրերին.:
/ Աղբյուրը՝ http://gradaran.mskh.am/node/1
«Տիգրան Հայրապետյան» գրադարանը կազմակերպում է վերապատրաստումներ, պարբերաբար համալրվում է նոր գրքերով: Գրքերի թվայնացնելու գործին ներգրավվում են նաև սովորողները: Գրադարանը համագործակցում է Հայաստանի տարբեր գրադարանների, ուսումնական հաստատությունների, հրատարակչությունների հետ: Մեդիագրադարանում ստեղծվում են թվային գրքեր, մեդիափաթեթներ, որոնք բաց են և հասանելի:
Ընթերցասրահներում բացի մի շարք նախագծերից և միջոցառումներից պարբերաբար իրականացվում են կրթահամալիրում աշխատող ընթերցավարների և «Գրադարանային գործ» բաժնում սովորողների սեմինար պարապմունքներ, քննարկումներ:
Եզրակացություն
Ելնելով վերը նշվածից, գրադարաններում արդիական համապատասխան միջավայրի ստեղծումը նպաստում է և կարևորում գրադարանների նշանակությունը՝ որպես գրքի և ընթերցանության կարևոր խթանիչ՝ գրքային և թվային միջոցներով:
Գրադարանային միջավայրը կարևոր է որպես բազմատարողունակ կրթական, մշակութային, տեղեկատվական, ստեղծագործական և ուսումնական ծրագրերի, նախագծերի իրականացման համար:
Գրադարանային միջավայրը չի կարող միապաղաղ և անհրապույր լինել, ընդհակառակը, այն գրավիչ, հարմարավետ, օգտագործելի և կենսունակ լինելով է ապահովում, խթանում ընթերցողի, անհատի և խմբերի ստեղծագործական, ուսումնական, հետազոտական աշխատանքների իրականացմանը:
Ժամանակակից գրադարաններում առկա տեխնոլոգիական միջոցներն ու նրանց ընձեռած հնարավորությունները օգտակար են և օգնում են
անհրաժեշտ տեղեկատվությունն առավել արդյունավետ ստանալուն՝ անհրաժեշտության դեպքում գրադարանավարի օգնությամբ, ով հանդիսանում է գրադարանային միջավայրի ստեղծման, պահպանման և զարգացման իրականացնողը:
Սույն դիպլոմային աշխատանքով փորձեցի ներկայացնել գրադարանների դերի ու նշանակության կարևորությունը, որն անմիջականորեն պայմանավորված է գրադարանային միջավայրով, ինչը կանխատեսում է ֆիզիկական և մեդիա միջոցներով բարենպաստ պայմանների ստեղծումը՝ ընթերցանության կազմակերպման ու խրախուսման համար՝ բոլոր տարիքի սովորողների, դասավանդողների և ցանկացած ընթերցասեր մարդու համար:
Օգտագործված աղբյուրներ
1. «Հայկական Գրադարան» գիրք
2. «Через библиотеки –К Будущему»
3. Тезисы к догладу директора центральной библиотеки им. Аветика Исаакяна
4. Խնկո Ապորանվան մանկական գրադարան
5. Գրադարանի արդիականացում նորագույն տեխնոլոգիաների ` լրիվ տեքստային և մուլտիմեդիոն ռեսուրսների միջոցով
6. Մեդիագրադարան
7. Մեր Մանկավարժությունը ՝ որպես արդիական և հանրամատչելի փոխանցում և գործիքներ
8. Տեխնոլոգիայի «Մեդիագրադարան դասին»
9. Մեդիագրադարան
Անժելիկա Մանուկյան
Ծանուցում՝ Գրադարանային միջավայր | angelikamanukyan