Գրագիտության փոխվող դեմքը Ինչպե՞ս է պետք կարդալ սովորեցնել թվային դարաշրջանում

Հեղինակ՝ Լիանա Հայթին «Education Week» շաբաթաթերթ, 8 նոյեմբերի, 2016

Թարգմանությունը կատարված է որոշ կրճատումներով:

Քննարկման ենթակա չէ այն, որ ընթերցելու բնույթը փոխվել է վերջին տասնամյակում՝ էլեկտրոնային շարժական սարքերի, էլեկտրոնային մուլտիմեդիա կայքերի, թվայնացված գրքերի, ինտերակտիվ գծապատկերների և սոցցանցերի զարգացումներով: Բայց արդյո՞ք տարրական դպրոցներում էլ է փոխվել կարդալ սովորեցնելու ձևը: Ի՞նչ պետք է ուսուցիչներն անեն, որպեսզի սովորողներին նախապատրաստեն ժամանակակից իրական ընթերցանությանը:

Մինչև հիմա ընդհանուր համաձայնություն չկա այն բանում, թե ինչպես պետք է ներառել թվային սարքերով աշխատելու կարողությունները գրագիտության ուսուցանման մեջ: Գործող ուսուցիչները քիչ ուղենիշներ ունեն և նրանցից շատերն իրենց դասերը պարզապես հարմարեցնում են նոր իրողությանը իրենց հայեցողությամբ: Գրագիտության ուսուցանման շատ փորձագետներ էլ գոնե մեկ բանում ընդհանուր համաձայնության են եկել. բոլոր սովորողները՝ նույնիսկ ամենակրտսերները, պետք է միաժամանակ սովորեն և′ տպագիր և′ թվային տեքստերով:

«Հենց այնպես ինչպես մենք կրտսեր տարիքի երեխաներին սովորեցնում ենք գեղարվեստական և ոչ գեղարվեստական խոսքը հասկանալը, կարող ենք խոսել նախադպրոցական և մանկապարտեզային տարիքի երեխաների հետ. սա այն տեքստն է, որի էջերը շրջում ենք, իսկ այս տեքստի տարբեր էջերին կտտացնում ենք», ասել է Ֆորդհեմ համալսարանի անգլերենի ուսուցման և ժամանակակից գրագիտության դոցենտ Քրիսթեն Հոլին: Շատերի կողմից է ընդունված, որ վաղ հասակում սովորողներին իրական ու ժամանակակից ձևով կարդալ սովորեցնելու եղանակը միաժամանակ տպագիր և թվային տեքստեր տալն է:

«Սա այն ձևն է, որով մարդիկ ժամանակակից աշխարհում կարդում, գրում, հաղորդակցվում և սովորում են, և ուրեմն երեխաներն էլ պետք է սկսեն նույնկերպ սովորել ամենասկզբից», ասել է Կոլորադոյի համալսարանի գրագիտության ուսուցանման դոցենտ Բրիջիտ Դալտոնը, «չի կարելի սպասել, մինչև նրանք լավ յուրացնեն կարդալու մի ձևը և հետո անցնեն մյուսին: Դա համաժամանակյա զարգացում է»: Բայց, ինչպես փորձագետներն են ասում, դժբախտաբար այդ ձևով ուսուցանման անցումը շատ վայրերում դանդաղ է իրականացվում: «Կարդալ» բառը տարրական դասարաններում դեռ հաճախ վերաբերում է միայն տպագրին:

Ըստ Կրթության զարգացման ազգային գնահատման 2015 թվականի հարցման տվյալների՝ 4-րդ դասարանցիներից օրեկան միայն 10-ից մեկն է համակարգիչ օգտագործում, որպեսզի հասանելի լինի ընթերցանության համար նախատեսված կայքերին: Չորրորդ դասարանցիների մոտավորապես 30%-ը երբեք, կամ գրեթե երբեք այդպիսի էլեկտրոնային տեքստեր կարդալու համար համակարգիչ չի օգտագործում դպրոցում:…

Հավելում Տպագրային ունակություններին

Կրտսեր դպրոցի սովորողներին տպագիր տեքստ կարդալու հիմնարար ունակություններ սովորեցնելու արդեն իսկ դժվար աշխատանքին թվայնացված տեքստեր ավելացնելը կարող է վհատեցնող լինել:

Նույնիսկ թվայնացված դարում ծնված սովորողները կարիք ունեն մի խումբ նոր ունակությունների ձեռքբերման, ինչը ներառում է նոր սարքեր ու առցանց գործիքներ աշխատացնելուն, ուշադրության կենտրոնացնելուն, անվտանգության և անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելուն:

«Դժվար է մեր համար: Լինելով ուսուցիչներ՝ ինքներս ենք նոր միայն գիտակցում, թե որքան է փոխվել մեր ընթերցելն ու գրելը առօրյա կյանքում», խոստովանել է Ֆրենկի Սիբերսոնը՝ երրորդ դասարանի ուսուցիչը Դուբլինից, Օհայո նահանգ, ով նաև անգլերենի ուսոուցիչների ազգային խորհրդի փոխնախագահն է:

Շատերն են այն կարծիքին, որ տեխնիկական ունակություններ սովորեցնելու ամենալավ ձևերից մեկը մոդելավորման միջոցով է լինում: Ուսուցիչները կարող են իրենք գործածել տեխնոլոգիան և միաժամանակ էլ բարձրաձայն ասել, թե ինչ են անում: Չիկագոյի առաջին դասարանի ուսուցիչ Քրիստին Զիմկեն էլ այսպես է արտահայտվել. «Այս շաբաթ մենք կարող ենք թղթե տպագիր գիրք կարդալ, իսկ հաջորդ շաբաթ կարող եմ անցնել իմ ընտրած «Kindle»-ին (էլեկտրոնային գրքերի հավաքածու): Ես ուզում եմ, որ իմ աշակերտները տեսնեն, թե ինչպես եմ ես  էլեկտրոնային գրքի էջը առաջ և հետ շրջում: Կարիք չկա, որ յուրաքանչյուր սովորող՝ հատկապես ամենակրտսերները, ունենա իր սեփական համակարգիչը դասարանում: Մեկ համակարգիչը իր պրոյեկտորով ամեն ինչ փոխում է և ուսուցիչների և սովորողների համար»:

«Կրտսեր սովորողների համար բոլորովին էլ դժվար չէ տպագիր բառերից ու տեքստից հայացքներն ուղղել էկրանին: Դա իրենց աշխարհընկալման բնական ձևի ընդլայնում է: Դա այն է, ինչին առերեսվում են իրենց կենցաղում», ասել է Կարեն Պելեքիսը՝ առաջին դասարանի ուսուցիչը Սքարսդեյլից:

 Ոչ գծային տեքստեր

Թղթե տպագիր և էլեկտրոնային առցանց ընթերցումների ամենամեծ տարբերությունն այն է, որ վերջինս ընթերցելուց բացի տալիս է նաև որոշում կայացնելու հնարավորություն:  Քեթրին Հեյլը՝ տեխնոլոգիայի դասավանդողը Արլինգտոն քաղաքից, հայտնել է հետևյալ կարծիքը. «Տպագիր ընթերցանությունը վերջ ունեցող մեկուսի ընթերցանություն է, իսկ թվային ընթերցանությունը ավելի շատ նման է արկածներ որոնելուն: Դու կարող ես կտտացնել մի այլ բանի վրա ու նորից շարունակել ընթերցելը»: Այլ խոսքերով ասած ընթերցանությունը գծային բնույթով տպագրից անցում է կատարում դեպի ոչ գծային առցանցը: Փորձագետներն ասում են, որ ուսուցիչները պետք է ուղղակիորեն օգտվեն այդ տարբերությունից՝ ցույց տալով սովորողներին, որ երբեմն մի որևէ հոդվածի կեսին հասնելով ճիշտը դադար առնելն է և մի հղումին կտտացնելը կամ էլ՝ մի տեսաֆիլմ դիտելը, եթե դա օգնելու է նրանց տեքսի բովանդակությունը ավելի լավ հասկանալ: Թերներն ասել է. «Մենք պետք է կրտսեր սովորողներին սովորեցնենք, որ թվայնացված տեքստերը հղումներով են և համացանցի տարբեր կայքերում են, և ընթերցողը մի տեղից մյուս տեղն է գնում թռիչքաձև, այլ ոչ թե միայն ձախից աջ»:

Միևնույն ժամանակ սովորողները պետք է գիտակցեն, որ առցանց ընթերցանության և տպագիր ընթերցանության ֆորմատները տարբեր են, բայց նպատակը նույնն է մնում:… Այդուհանդերձ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ 3-ից 6 տարեկան երեխաները, երբ իրենց ծնողների հետ էլեկտրոնային գրքեր են կարդում, ավելի քիչ բովանդակային մանրամասներ են հիշում, քան երբ աշխատում են տպագիր գրքերով:…Առցանց ընթերցման ընթացքում կրտես սովորողները կարիք ունեն, որպեսզի իրենց սովորեցնեն, թե ինչպես է կարելի չշեղել ուշադրությունը ընթերցանության բուն նյութից. ե՞րբ անտեսել հղումները, հարակից ներդիրները և չթռչել մի այլ տիրույթ: …

 Առցանց տեքստերի որոնում

Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ հենց այնպես, ինչպես սովորողները սովորում են տպագիր գրքեր ընտրել գրադարանում, նույնկերպ էլ նրանք պետք է սովորեն տեքստեր որոնել առցանց, բայց, իհարկե, առցանց որոնումը լի է անվտանգության և անձնական տվյալների գաղտնիության խնդիրներով և այս պատճառով կրտսեր սովորողները որոնումը պետք է կատարեն ավելի սահմանափակ տիրույթներում: Փելեկիսն, օրինակ, խուսափում է իր առաջին դասարանցիներին որոնում առաջադրելուց և միանգամից տալիս է նրանց պահանջվող տեքստի հղումը:…Այդ ձևով նա իր սովորողներին հեռու է պահում հնարավոր անպատշաճ տեքստերից: …

Իսկական ընթերցանությունը ընդդեմ խաղերի

Անհաշիվ քանակության առցանց խաղեր կան, որոնք օգնում են սովորողներին վարժանքների միջոցով բարելավել իրենց կարդալու կարողությունները և դասավանդողներն էլ տարիներ շարունակ օգտագործում են դրանք, բայց թվային ընթերցանության փորձագետները զգուշացնում են, որ էական տարբերություն կա ընթերցանական խաղեր (հնչյունական բնույթի, բառապաշարային) օգտագործելու և իսկական առցանց ընթերցանության միջև:       

Խաղերի վերաբերյալ Զիմկեն հետևյալ միտքն է ասել. «Երբ ինձ հարցնում են, թե որն է երկրորդ դասարանի համար ամենալավ բառային խաղը, որը հիմնված է ամենաշատ օգտագործվող բառերի վրա, ես պատասխանում եմ, որ չգիտեմ, ես չեմ օգտագործում խաղային տեխնոլոգիան: Ես որևէ կերպ դեմ չեմ խաղերին, բայց երբ խոսքը վերաբերում է ամնասկզբին, թե ինչից սկսենք, ես այն կարծիքին եմ, որ մենք այնքան շատ բան կարող ենք անել մեր ամենօրյա աշխատանքը մոդելավորելով և տեխնոլոգիան նպատակային իսկական ձևով օգտագործելով»:…

 Դասարանային խոչընդոտներ  

…Շատ ուսուցիչներ բողոքում են, որ իրենք դասարանում չունեն համակարգիչներ և ինտերնետ կապ, որպեսզի սկսեն առցանց ընթերցում իրականացնեն: Թերներն այն կարծիքին է, որ դա ուսուցիչների ամենափոքր խնդիրն է: «Ավելի մեծ խնդիր է այն, որ ուսուցիչները երկընտրանքի մեջ են ընկնում և չգիտեն, թե ինչպես վարվեն, քանի որ տարվող կրթական քաղաքականությունը անհրաժեշտաբար չի զարգացնում թվային առցանց ընթերցանությունը: Համացանցը լցված է միօրինականացված թեստերով, որոնք չեն պահանջում իսկական ընթերցանական կարողություններ, ինչպիսին է համացանցում որոնողական մեխանիզմների գործածումը: Եվ շատ դեպքերում, քանի որ իսկական առցանց ընթերցման կարողությունը չի գնահատվում, ուսուցիչները առաջնայնություն չեն տալիս դրա ձևավորմանը»:…

Չեստերֆիլդի մանկավարժական նորարարության համակարգող Բասսը իր բլոգում գրել է. «Մեծ հաշվով ժամանակին մեզ չեն պատրաստել որպես ուսուցիչներ, ովքեր աշխատելու էին թվայնացված տիրույթում սովորողների հետ: Մենք հետ ենք ընկնում և ապավինում ենք այն ամենին, ինչին մեզ են սովորեցրել, իսկ դա հենց խոչընդոտ է»: Որոշ ուսուցիչներ էլ այլ մտածելակերպեր ունեն, որ հետ են պահում իրենց առցանց ընթերցանությունից: Զիմկեն իր բլոգում նշել է. «Կան ուսուցիչներ, ովքեր սպասում են մինչև կանցնեն այլ աշխատանքի, կամ էլ ասում են, որ կգնան այլ դպրոց, որտեղ տեխնոլոգիային այնքան էլ ուշադրություն չեն դարձնում: Որոշ մանկավարժներ էլ գիտակցորեն կապված են այն մտքին, որ սիրահարված են տպագիր գրքերին՝ ասելով …Ինչ-որ մի ձգող կախարդական բան կա գիրքը ձեռքում պահելու և թերթերը շրջելու մեջ», բայց Հալեն գրել է. «Ընթերցելն այլևս տպագիր տեքստ ընթերցել չէ: Ընթերցելը աշխարհի ընթերցումն է դարձել»:

 

Աղբյուրը՝

How Should Reading Be Taught in a Digital Era?

 

Աղբյուրը՝

How Should Reading Be Taught in a Digital Era?

 

Թարգմանությունը՝ Յուրա Գանջալյանի

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.