Ես Քրիստինե Մրջումյանն եմ: Աշխատում եմ Երևանի թիվ 100 հիմնական դպրոցում: Գրադարանում մեկ տարի է վարում եմ ԴՇՀ (Դասագրքերի շրջանառու հիմնադրամ) կառավարման ավտոմատ համակարգը: Ուզում էի ավելի լավ ճանաչել գրադարանավարի աշխատանքը: Իմ դպրոցի տնօրենից իմացա, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կա «Տիգրան Հայրապետյան» գրադարան, որը իրականացնում է գրադարանավարի վերապատրաստումներ:
Գրանցվեցի և ապրիլի 17-ից 19-ը մասնակցեցի եռօրյա վերապատրաստումներին:
Վերապատրաստման ընթացքում ծանոթացա գրադարանավարի իրավունքներին և պարտականություններին, աշխատաժամանակի կառուցվածքային նոր մոտեցումներին:
Նոննա Գրիգորյանն ինձ ծանոթացրեց կրթահամալիրի գրադարանում իրականացվող էլեկտրոնային մատենավարությանը: Այն ինձ դուր եկավ: Իմ կարծիքով ավելի հեշտ և հաճելի աշխատանք է ՝ նախկին թղթավարության հետ համեմատելիս:
Լուսինե Ալեքսանյանն էլ ինձ ծանոթացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում գրադարանավարի նախագիծային աշխատանքը, դպրոցի տարբեր առարկաների ուսուցիչների, հանրության հետ համագրծակցությունը, կազմեցինք «Գրադարանավարի օրացույց» աշխատանքային գործիքը: Ծանոթացա էլեկտրոնային գրադարանին, նյութի թվայնացման տարբեր ձևերի և ծրագրերի, բլոգով աշխատանքին:
Շրջեցինք Մայր դպրոցով: Եղանք կրթահամալիրի Արևելյան, Միջին և Ավագ դպրոցներում, բրուտանոցում, մարզադպրոցում, երաժշտության դպրոցում և համերգասրահում: Ծանոթացա երեխաների հետաքրքիր առօրյային:
Մասնակցեցի առավոտյան ընդհանուր պարապմունքի, իսկ վերապատրաստման վերջին օրը «Սուրբ Երրորդություն» եկեղեցում նաև ուսումնական պատարագի, որը ամեն ուրբաթ առավոտյան կազմակերպում է կրթահամալիրը: Այն ինձ արտասովոր թեթևություն բերեց:
Եվ վերջում ավելացնեմ ամենակարևորը՝ ես ձեռք բերեցի հաճելի և գիտակ գործընկերներ:
Շնորհակալ եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանի ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյանին և գրադարանավար՝ Նոննա Գրիգորյանին: