Ես, Գյուլնարա Իվանյանն եմ, աշխատում եմ ՊՍԿ թիվ18 գրադարանում՝ որպես գրադարանավար: Սիրով մասնակցեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կազմակերպած գրադարանավարի վերապատրաստման եռօրյա դասընթացին: Տպավորված եմ գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանի և փորձառու գրադարանավար Նոննա Գրիգորյանի բարձր մակարդակով գիտելիքների փոխանցման ձևից: Առաջին օրը ծանոթացա էլեկտրոնային տարբերակով գրադարանային սպասարկմանը: Երկրորդ օրը նախագծերի, սկանավորման և մի քանի այլ մեթոդների տիրապետմանը: Մասնակցեցի նաև «Հինգ տարեկանների այցը գրադարան» նախագծին: Անսպասելի էր, երբ Լուսինեն ինձ ներկայացրեց որպես ստեղծագործող և, ի զարմանս ինձ, Նոննա Գրիգորյանը գրադարակից հանեց և ներկայացրեց տարիներ առաջ գրադարանին նվիրած «Պոեզիան հայելու մեջ» իմ հեղինակային գիրքը:
Երեխաներն ինձ շատ հետաքրքիր հարցեր ուղղեցին և, կարելի է ասել, զուգահեռ արժևորվեց նաև իմ օրը ո՛չ միայն որպես վերապատրաստում անցնողի: Թվում է, թե երեք օրը քիչ է վերապատրաստման համար, բայց գիտելիքների և փորձի փոխանցումը այնքան վարպետորեն արվեց, որ ամրապնդելու համար բավական էր շրջել, ծանոթանալ գրադարակներում դրված գրքերի այբբենական և մասնագիտական դասավորվածության կանոնակարգին, գրադարանավարների բլոգային աշխատանքներին, էլեկտրոնային գրադարանին և մասենավարությունը և արդեն ամեն ինչ պարզ էր դառնում:
Ինձ համար բացվեց գրադարանում աշխատելու համար այլ աշխարհայացք: