Աշխարհի ամենագեղեցիկ 7 գրադարաններն ըստ CNN-ի

Հետաքրքիր են արդյոք գրադարաններն iPad-ի և Kindle-ի դարաշրջանում: «Արմենպրես»-ից տեղեկանում ենք, որ CNN-ը փորձել է տալ հարցի պատասխանը, ներկայացնելով «Աշխարհի ամենագեղեցիկ յոթ գրադարաններ»-ի ցուցակը:

Ցանկը գլխավորում է Սիեթլի կենտրոնական գրադարանը: Այն նախագծել են հոլանդացի ճարտարապետ Ռեմ Քուլհասը և ամերիկացի դիզայներ Ջոշուա Ռամուսը: Բացումից ընդամենը երկու տարի անց զբոսաշրջային այցեր են կազմակեպվել գրադարան: Այդ ընթացքում գրադարանն ընդունել է ամբողջ աշխարհից ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկների: Գրադարանը ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի կողմից ճանաչվել է իբրև ԱՄՆ-ի 150 ամենասիրելի կառույցներից մեկը:
Երկրորդ տեղում է Դուբլինի Երրորդություն քոլեջի (Trinity College) գրադարանը, որն ամենահինն է Իռլանդիայում: Հիմնադրվել է 1592-ին Եղիսաբեթ Առաջին թագուհու կողմից: Հայտնի է նաև իր Երկար սենյակով (Long Room), ուր պահվում են գրադարանի ավելի քան 200 հազար հնագույն գրքերը:
Երրորդը Կալիֆորնիայի համալսարանի Գեյզել գրադարանն է` ամենաժամանակակից գրադարանն աշխարհում: Այն իր անունն ստացել է Թեոդոր Գեյզելի պատվին: Առաջին հայացքից տիեզերանավ հիշեցնող կառույցը ոգեշնչման աղբույր է եղել բազմաթիվ գիտահանրամատչելի ստեղծագործությունների համար. նրա օրինակով է ստեղծվել Լեոնարդո Դի Կապրիոյի դերակատարմամբ Inception ֆիլմի ձնե աշտարակը:
Թերևս իր տեսքով ամենայուրօրինակ գրադարանը, որ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, Նիդերլանդների TU Delft գրադարանն է: Այն գտնվում է Նիդերլանդների Delft Տեխնոլոգիական համալսարանում: Գրադարանում պահվում են ավելի քան 862 հազար գրքեր և 16 հազար ամսագրեր: Իրական գրադարանը գտնվում է գետնի տակ, ուստի դրսից այն տեսանելի չէ: Արտաքինից երևում է միայն գրադարանի կտուրը, որն իրենից մարգագետին է ներկայացնում և հսկա կոնե աշտարակը:
Ալեքսանդրիայի աշխարհահռչակ գրադարանը հինգերորդ տեղում է: Այսօր Եգիպտոսում գործում է Ալեքսանդրիայի արքայական գրադարանի վերակառուցված տարբերակը, որը վերանորոգվել է 2002 թվականին` տասը տարվա նախագծումից և պլանավորումից հետո: Ալեքսանդրիայի հին գրադարանը կառուցվել էր Ալեքսանդր Մեծի օրոք` մեզնից 2300 տարի առաջ:
«Աշխարհի յոթ ամենագեղեցիկ գրադարաններ»-ի ցուցակի վեցերորդ և յոթերորդ տեղերը զբաղեցնում են Գերմանիայի Շտուտգարդի և Սինգապուրի Բիշան (Bishan) հանրային գրադարանները:
Աղբյուրը՝ http://www.yerevan2012.orglibr

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.