Այնքան եռուն է ճամբարային կյանքը: Ինչ չէինք հասցրել, արեցինք՝ ճանաչեցինք միմյանց, խաղացինք իրար հետ, երգեցինք, խոսեցինք կարևոր ու անկարևոր բաների մասին, է՜հ, հիմա նույնիսկ անկարևորը իր տեղն ունի: Ճամբարը իր թեթևությամբ է առանձնանում: Մենք մի ընտանիքի նման դարձանք, միասին ճամփա ընկնելը, միասին պաղպաղակ անուշ անելը, ֆիլմ դիտելն ու շախմատ խաղալը, ընթերցելն ու վերլուծելը մի՞թե ընտանիքին չէ հատուկ: Այս օրերին ապացուցվեց, որ ընթերցանությունը կարող է այնքան բազմազան լինել: Ես հեքիաթներ շատ եմ սիրում և համոզված եմ, որ բոլորն էլ իրենց հեքիաթն են կրում իրենց մեջ: Մանկությանը ինքը մի հեքիաթ է ու կարծես մի մեծ աշխարհ է հրաշքներով շրջապատված: Սակայն ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր հյուսել են հեքիաթի այդ շղարշը, ինչպիսի՞ն է եղել նրանց կյանքը, մանկությունը… պարզվեց, որ այն բոլորովին էլ հեքիաթի նման չի եղել: Հանս Քրիստիան Անդերսեն: Նրա անցած կարճ ու փոթորկալի կյանքում միգուցե հեքիաթի այդ երևակայական աշխարհը թույլ չի տվել, որ նրա փխրուն սիրտը կարծրանա: Մենք հուզմունքով ընթերցեցինք «Ջրահարսի», «Լուցկիով աղջկա» պատմությունները, որոնք թախծալի ու նուրբ թելերով հյուսված մի օրոցք են, որտեղ ճոճվում են մարդկային ամենանուրբ հույզերն ու հույսերը:
Հաջորդ հանդիպման ժամանակ մի յուրահատուկ «բաթլ» կազմակերպեցինք Ռոնալդ Թոլքիենի՝ «Մատանիների տիրակալը» գրքի հեղինակի ու «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի միջև, որոնք նոր ճյուղ բացեցին հեքիաթագրության ժանրում: Բաժանվեցինք երկու խմբի ու հերթով համացանցից ընթերցում էինք նրանց կենսագրության հետաքրքրաշարժ դպքերից:
Այսօր էլ Մովսիսյան Նունեյի ճամբարականները մասնակցեցին Ավագ դպրոց-վարժարանի կազմակերպած «Պոեզիայի ժամին»: Ավագ դպրոցի ընթերցավար Վանուհին, Հասմիկ Ղազարյանը ծառերի շրշյունի ներքո հնչեցրին նրբահյուս տողերը Սևակի, Չարենցի Թումանյանի պոեզիայի բազում էջերից, խոսեցին սիրո, նվիրվածության, հայրենիքի մասին: Մասնակիցները պարբերաբար զրույցը համեմում էին բանաստեղծությունների ընթերցանությամբ: Գեղեցիկ օր, պայծառ երկինք, բույրե՜ր ու տաղե՜ր…
Լիանա Տեր-Պողոսյան