«Թլպատվածները»․ շնորհանդես Էդիթ Պրինտ հրատարակչությունում

Օրերս «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ և ջանքերով կայացավ «Թլպատվածները» գրքի երկրորդ մասի շնորհանդեսը, որին հրատարակչության հրավերով մասնակցում էինք նաև մենք՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ներկայացուցիչներս` ես և քոլեջի ընթերցավար Լիլիթ Հարությունյանը։ Հանդիպմանը ներկա էին մտավորականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հեղինակ Հակոբ Սողոմոնյանը և նրա մտերիմները։  Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես սովորոբար անցնում են նման հանդիպումները․ ֆուրշետ, խմիչք, ճառեր ․․․Անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ նման միջոցառումներ չեմ սիրում և հնարավորինս խուսափում եմ։ Հատկապես տհաճ է դրանք լուսաբանելը․ նույն շարահաուսությամբ, «շաբլոն» տեքստեր հավաքելը (այսինչ օրը, այսինչ տեղում, այսինչ մարդը)  մի տեսակ դիմադրության ալիք է բարձրացնում ներսումս, վկայությունը՝ ուշացած հրապարակումս։ Ախր ինքս էլ չեմ կարդում նման նյութերը․․․ բայց հրաշալի է ձեռքիդ տակ ունենալ ժամանակակից գործիքներ։ Ինչ լավ է չէ՞, որ ամբողջ ընթացքը ձայնագրել եմ… ես ասվածների միջից կառանձնացնեմ այն լավագույնը, որն իմ կարծիքով արժե իմանալ գրքի մասին և ընդհանրապես …

«Վեպը դեռ ճամփի կեսին է։ Չնայած ընթացքն ավելի ճիշտ է, քան վախճանը։ Միշտ այդպես է, բայց այն ընթացքն ինչ գնում է վեպի երկու հատորներում, վկայում է, որ այն կունենա փայլուն վերջաբան։ Գիրքը մեծ հետաքրքրությամբ կարդացվում է, կարող ես մեկ գիշերում կարդալ։ Ոճը թեթև է, լիքը գրողական գյուտեր կան մեջը։ Գրողի լեզու կա, տեղ֊-տեղ  հրապարակախոսական երանգ ունի։ Բայց մենք պետք է հասկանանք, որ ժամանակակից վեպն այսօր փոխվել է աշխարհում, և այն, անպայմանորեն, պետք է իր խորքում ունենա հրապարակախոսական երանգ։ Թեման ծանրագույնն է բոլորիս համար, բայց հեղինակի մոտեցումը թեմային նորովի է։

Երբ ես երկու հատորները կարդացի, ինձ հետաքրքրում էր, թե ինչ է լինելու վեպի վերջին նախադասությունը, որը փորձում եմ ես ենթադրել։ Վեպի ճանապարհը այնքան հետաքրքիր է գնում, որ ժամանակից առաջ ընկած ուզում ես իմանալ ինչպես է վերջացնելու․․․». Մերուժան Տեր-Գուլանյան։

Կուզեի մեջբերել նաև գրականագետ Կարո Վարդանյանի խոսքը «Այն, որ գիրքը մեկ օրում կարդալու գիրք է համաձայն եմ, բայց մեկ օրում մարսելու գիրք չէ։ Առաջին հատորը կարդալուց հետո պատկերացում չես կարողանում կազմել վերջաբանի մասին, և երկրորդը կարդալուց հետո էլ չի որոշակիանում այն։ Վերջաբանը ինձ շատ է մտահոգում, ավելին, շատ եմ վախենում, որ հերոսների ժառանգները և ոճրագործների ժառանգները իրար հետ լեզու չեն գտնի։ Ոճրագործները պատրաստ չեն ներում հայցելու, զոհերի ժառանգները՝ ներելու․․․ բայց ավելի մտահոգ եմ, որ ներեն․․․ ես ավելի մտահոգ եմ, որ այդպիսի պարագայում մեր տեսակի համար դա մի մեծ ողբերգություն կլինի։ Մեր ժողովրդի վերջին 100  տարիների ինքնությունը, ուզենք, թե չուզենք, պայմանավորված է մեր մեջ նստած թուրքով և մեր առջև կանգնած թուրքով, որոնց հետ պայքարում ենք անվերջ։ Պատկերացրեք մի վայրկյան հանկարծ չկա այդ թուրքը․․․ ինչի՞ կվերածվենք։

Մեզ այդ պարագայում ոչ ոք  և ոչինչ չի կարող փրկել․․․․ Ահա այսպիսի զարհուրելի մտորումների առաջ է մեզ կանգնեցնում հեղինակը։ Դա է պատճառը, որ ես հիմա անհամբեր եմ այս գրքի վերջաբանը իմանալու, բայց ավելի շատ մտահոգ եմ»։

Գրքի առաջին հատորը մեր գրադարանում առկա է, իսկ երկրորդը շուտով կլինի: Նախաձեռնե՛ք, ծանոթացե՛ք և հանդես եկեք նոր բացահայտումներով:

Վանուհի Սիմոնյան

 Աղբյուրը՝

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.